Հայաստանը Ջավախքում ձգտում է հակամարտություն առաջացնել, նման կարծիք է հայտնել Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, քաղաքագետ Սոսո Ցինցաձեն:

«Ջավախքում հայերի էքսպանսիան սկսվել է 19-րդ դարում, երբ ռուս գնդապետ Պասկեւիչը, Թուրքիայից 40 000 հայ բերելով բնակեցրեց Ջավախքում: Այդպես եղավ նաեւ Աբխազիայում: Կոմունիստական Ռուսաստանը միշտ վստահ էր, որ Վրաստանը իրենց հպատակեցնելու ամենահեշտ եղանակը, այդ տարածքում հայերի բնակեցումն է, իսկ հայերն էլ ինչպես նաեւ Ադրբեջանի հայերը միշտ եղել են Ռուսաստանի իշխանության ազդեցության տակ»,-ասել է քաղաքագետը ադրբեջանական Day.az-ին տված հարցազրույցում, գրում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտորի խոսքով, հայերը Ջավախքում ձգտում են հակամարտություն առաջացնել, որպեսզի արյուն թափվի:

«Հայերը ցանկանում են Ջավախքի տարածքում իրավական կարգավիճակ ստանալ, սակայն դա անիրականանալի է, քանի որ Վրաստանը արդեն ամեն ինչ վերահսկում է: Ջավախքում մարդու իրավունքները չեն խախտվում, ուղղակի հայերը ուզում են մեզ սադրանքի ենթարկել»,-նշել է նա: