ՊԵԿ-ի Մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օրերս հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված` շուրջ երկդարյա պատմություն ունեցող մատենագրեր ու արծաթյա իրեր:
ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մատենագրերից ամենահինը ավելի քան 200 տարեկան է` հրատարակվել է 1809 թվականին:
Դրանցում եղել են Վենետիկի Սուրբ Ղազար կղզում եւ Կոստանդնուպոլսում հրատարակված աղոթագրքեր, Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» մատենագիրքը: Ամենահին աղոթագիրքը, համաձայն նրանում նշված հրատարակության տարեթվի, լույս է տեսել 1809 թվականին:
Մյուսները տպագրվել են 1850-ական եւ 1860-ական թվականներին: Ինչ վերաբերում է արծաթյա իրերին, ապա դրանցում եղել են խոշորացույց, հայելի, դեղին մետաղից ակնոցներ, վերնաշապիկի ամրակներ, մատնոց եւ այլն:
Պատմական արժեք ներկայացնող բոլոր այս իրերը, մաքսային հսկողությունից թաքցնելով, փորձել էր ներմուծել ՀՀ քաղաքացի Արտակ Բալոյանը:
Վերջինս հանրապետություն մուտք էր գործել Բավրայի մաքսակետով` Թուրքիայից ժամանած երթուղային ավտոբուսով: Ա. Բալոյանը ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցներին ասել էր, թե իբրեւ այդ ապրանքներն իրեն փոխանցել է մայրը` Հայաստան տեղափոխելու նպատակով, սակայն սահմանը հատելիս Բալոյանը «մոռացել է, որ դրանք իր ճամպրուկում են» եւ չի հայտարարագրել:
Հայտնաբերված մատենագրերն ու մյուս պարագաներն ուղարկվել են փորձաքննության` Մշակույթի նախարարության մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն:
ՊԵԿ-ի աշխատակիցները հայտնաբերել են նաեւ ծանրոցով ներկրված թմրանյութ: «Սակալայն» ՍՊԸ-ի կողմից ԱՄՆ-ից ՀՀ քաղաքացի Մուշեղ Հակոբյանի անվամբ ներմուծված ծանրոցի ստուգման ժամանակ պարզվել է, որ ծանրոցում առկա սպորտային գուլպայի մեջ թաքցված է «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:
Ի դեպ, նախորդ տարվա ընթացքում հայտնաբերվել է թմրանյութի ներկրման եւս 20 դեպք, որոնցից 2-ը` ծանրոցով:


























