Հայաստանի Կենտրոնական բանկը հրապարակել է 2010 թ. չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի հաշվետվությունը, որտեղ տեղեկություններ կան նաեւ Հայաստանի հարեւան երկրների տնտեսական զարգացումների վերաբերյալ, բացառությամբ Իրանի։ Ըստ ԿԲ մեկնաբանության՝ Իրանը ներառված չէ այն պատճառով, որ վերջինիս թվային տվյալները թերի են, ինչպես նաեւ ստացվում են բավականին ուշ, երբ կորցնում են հրատապությունը:
Հարեւան երկրների տնտեսությունների ուսումնասիրումը կարեւորվում է այն առումով, որ ենթարկվելով նույնանման ցնցումների` կարող են անուղղակի ազդել Հայաստանի տնտեսության վրա:
Թուրքիա
Նախորդ եռամսյակների տնտեսական աճի բարձր տեմպերից հետո 2010թ. երրորդ եռամսյակում արձանագրվել է 5.5% աճ: Տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը շինարարության ճյուղի բարենպաստ զարգացումներն են, ինչն արտահայտվել է շինարարության ճյուղում երրորդ եռամսյակում արձանագրված բարձր` 24.6% աճով (նախորդ եռամսյակում՝ 21.9%):
Մանրածախ եւ մեծածախ առեւտրի ճյուղում աճի տեմպերը դանդաղել են եւ կազմել 7.5%, մինչդեռ վերամշակող արդյունաբերության ճյուղում գրեթե զրոյական աճ է արձ անագրվել: Գյուղատնտեսության ճյուղում երրորդ եռամսյակում գրանցվել է 0.8% նվազում:
Նշված զարգացումների արդյունքում տարեվերջին գնաճի ցուցանիշը կազմել է 6.4%, ինչը փոքր-ինչ ցածր է եղել նպատակային ցուցանիշից:
2010թ. հունվար-նոյեմբերին արտահանման աճի տեմպերը բավականաչափ նվազել են եւ կազմել 9.7%, մինչդեռ ներմուծման մասով գրանցվել է բարձր` 30.8% աճ: Նշված ժամանակահատվածում մեծ են եղել կապիտալի ներհոսքի ծավալները՝ 51.3 մլրդ դոլար (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 6.8 մլրդ դոլար):
2010թ. չորրորդ եռամսյակի ընթացքում կապիտալի մեծածավալ ներհոսքի պայմաններում Թուրքիայի կենտրոնական բանկը ձեռնամուխ է եղել բազմակի գործիքների կիրառմամբ դրամավարկային քաղաքականության իրականացմանը: Թուրքիայի կենտրոնական բանկը դեկտեմբերի սկզբներին մեկ շաբաթական ռեպո տոկոսադրույքները նվազեցրել է՝ սահմանելով 6.5%։
Ադրբեջան
Ադրբեջանի տնտեսությունում 2010թ. պահպանվել են իրական ՀՆԱ աճի տեմպերը, որը կազմել է 5.0%, ընդ որում` ոչ նավթային հատվածում` 7.9%:
2010 թ. դեկտեմբերին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ Ադրբեջանում գնաճը կազմել է 7.6%։
2010 թ. Ադրբեջանի առեւտրային հաշվեկշիռը եղել է հավելուրդով` շուրջ 14.7 մլրդ դոլար: Ընդ որում` արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 45.1%-ով եւ կազմել 21.3 մլրդ դոլար, իսկ ներմուծումը՝ 7.8%-ով եւ կազմել 6.6 մլրդ դոլար:
Ադրբեջանի 2010 թ. արտահանման արժեքի 86.5%-ը կազմել է հում նավթը:
2010 թ. ընթացքում, նախորդ տարվա համեմատ, շուրջ 40.9%-ով աճել է նաեւ ուղղակի ներդրումների համախառն ներհոսքը: Օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը կազմել է շուրջ 3.1 մլրդ դոլար, որում առաջատար են Մեծ Բրիտանիան (51.9%), ԱՄՆ-ն (14.9%), Չեխիան (9.0%), Ճապոնիան (7.5%), Նորվեգիան (4.7%), Թուրքիան (3.9%):
Ինչպեսեւ նախորդ տարի, 2010 թ. եւս Ադրբեջանի կենտրոնական բանկն իրականացրել է մանաթի փոխարժեքի կայունության պահպանման քաղաքականություն:
Արդյունքում` 2010թ. հունվար-դեկտեմբերին մանաթի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեւորվել է ընդամենը 0.65%-ով։
Բանկերի կողմից տնտեսությանը տրամադրված վարկերի ծավալները 2010թ. ընթացքում ավելացել են 9 %-ով, ընդ որում` ազգային արժույթով վարկերի ծավալներն ավելացել են 20.0%-ով: 2009թ. վերջի համեմատ շուրջ 62.4%-ով (237 մլն դոլարով) ավելացել են անհուսալի վարկերի ծավալները: 2010 թ. դեկտեմբերի վերջի դրությամբ անհուսալի վարկերը կազմել են տնտեսության վարկավորման ծավալների 5.4%-ը (նախորդ տարեվերջին՝ 3.6%):
Ադրբեջանի կենտրոնական բանկի արտարժութային պահուստները 2010թ. հունվար-դեկտեմբերին աճել են 24.1%-ով եւ 2010թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել 6.4 մլրդ դոլար:
Վրաստան
Վրաստանի տնտեսությունում 2010թ. հունվար-սեպտեմբերին գրանցվել է ՀՆԱ-ի 6.7% աճ: ՀՆԱ ճյուղային կառուցվածքում առավել մեծ տեսակարար կշիռ են ունեցել արդյունաբերության ոլորտը` 18 %, առեւտուրը` 16%, պետական կառավարման ոլորտը` 12%, տրանսպորտի եւ հեռահաղորդակցության ոլորտը` 12%, գյուղատնտեսությունը` 8 %, շինարարությունը`7.0%:
Նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ գրանցվել է 11.2% գնաճ: 2011-2013թթ. համար Վրաստանի ազգային բանկը նպատակադրել է 6% գնաճի մակարդակ:
2010թ. ընթացքում արտահանման (ՖՕԲ) ծավալներն ավելացել են 39.7%-ով կամ 449.8 մլն դոլարով, իսկ ներմուծման (ՍԻՖ) ծավալները` 16.7%-ով կամ 729.0 մլն դոլարով, այսինքն` ապրանքների արտահանման-ներմուծման գործարքների արդյունքում Վրաստանի առեւտրային հաշվեկշռի բացասական մնացորդը նախորդ տարվա համեմատ խորացել է 8.6%-ով` կազմելով 3512 մլն դոլար:
Չնայած Վրաստանի տնտեսության վերականգնման նշաններին՝ շարունակում է նվազել օտարերկրյա ուղղակի ներդրումների համախառն ներհոսքը: 2010 թ. հունվար- սեպտեմբերին օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը կազմել է 433.0 մլն դոլար, որը նվազել է 6.8%-ով: Ի տարբերություն ուղղակի ներդրումների ներհոսքի, 2009թ. համեմատ շուրջ 11.7%-ով ավելացել է արտերկրից դրամական փոխանցումների ներհոսքը. 2010թ. ընթացքում այդ ցուցանիշը կազմել է 939.7 մլն դոլար:
Արտարժութային ներհոսքի կրճատման պայմաններում 2010 թ. ընթացքում ԱՄՆ դոլարի նկատմամբ վրացական լարիի միջին փոխարժեքը արժեզրկվել է 6.4%-ով, իսկ 2009թ. դեկտեմբերի վերջի համեմատ լարին արժեզրկվել է 4.8%-ով: Ազգային արժույթի արժեզրկման ճնշումները զսպելու նպատակով Վրաստանի ազգային բանկը
2010թ. հունվար-դեկտեմբերին ներքին արժութային շուկայում վաճառել է 153.2 մլն դոլար:
Վրաստանի ազգային բանկի արտարժութային պահուստները 2010 թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 2.26 մլրդ դոլար, որը գերազանցել է 2009թ. վերջի ցուցանիշը 153.5 մլն դոլարով: 2010թ. հունվար-դեկտեմբերին շուրջ 558.0 մլն դոլարով ավելացել է նաեւ Վրաստանի արտաքին պարտքը (առանց պետական երաշխիքների) եւ դեկտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 3.933 մլրդ դոլար, այն դեպքում, երբ 2009 թ. դեկտեմբերի 30-ի դրությամբ այն 3.375 մլրդ դոլար էր:



























