Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան Հայաստանի ողջ տարածքում իրականացնում է Քաղաքացիական կացության ակտերի գրանցման (ՔԿԱԳ) տարածքային բաժինների հասարակական մոնիթորինգ ծրագիրը: Այն իրականացվում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ:

Ծրագրի հիմնական նպատակն է բացահայտել ՀՀ ՔԿԱԳ տարածքային գործակալությունների կողմից մատուցվող ծառայությունների ոլորտում առկա հնարավոր բացերն ու կոռուպցիոն ռիսկերը, բարելավել նշված մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակը՝ կոռուպցիոն եւ այլ բացասական երեւույթները նվազեցնելու ճանապարհով: Ծրագրի ամփոփումից հետո կներկայացվի դրանց վերացմանն ուղղված համապատասխան համակարգային եւ ընթացակարգային առաջարկություններ:

Ծրագրի հիմնական նպատակն է նաեւ նպաստել այդ ոլորտում ՀՀ քաղաքացիների իրավունքների իրացմանն ու պաշտպանությանը:

Այսօրվանից սկսած ծրագրի դիտորդներն այցելելու են ՔԿԱԳ տարածքային բաժիններ՝ դիտարկելու վերջիններիս կողմից մատուցվող ծառայությունները եւ արձանագրելու հնարավոր խախտումները:

Հիշեցնենք, որ Հայաստանի արադադատության նախարար Հրայր Թովմասյանը փետրվարի 28-ի առավոտյան ժամը 9.00-9.30-ի սահմաններում այցելել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ ՔԿԱԳ տարածքային բաժին:

Մուտքի դուռը փակ է եղել, աշխատակիցներից որեւէ մեկը չի ներկայացել աշխատանքի, չնայած բաժնի մուտքի մոտ փակցված է եղել, որ աշխատանքները սկսվում են ժամը 9.00-ին: