«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը սուտ է համարել ոստիկանության հաղորդագրությունը փետրվարի 28-ին Երեւանի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի մասին, որին ներկա է  եղել նաեւ ինքը՝ Ս. Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ոստիկանները հարձակվել են բացօթյա առեւտրով զբաղվող ցուցարարների ու նրանց աջակցող «Ժառանգության» պատգամավորների վրա, որի հետեւանքով մի կին կոտրել է ոտքը:

Ոստիկանության  հաղորդագրության մեջ նշվում է. «Չնայած սադրիչների ուղղորդող հայտարարություններին եւ իշխանության ներկայացուցիչների դիմադրություն ցույց տալու կոչերին՝ ոստիկանական կարգախմբերի եւ քաղաքացիների կողմից որեւէ բռնություն չի կիրառվել, ինչն ակնհայտ է մի շարք կայքերում տեղադրված տեսանյութերից»: Այս հարցի առնչությամբ, NEWS.am-ը զրուցել է Ստյոպա Սաֆարյանի հետ:

Պարոն Սաֆարյան, ինչպես եք գնահատում այն, որ ոստիկանությունը հերքում է իր կողմից բռնություններ կիրառելու լուրերը:

Ես հասկանում եմ  պատճառները, դա այն վախն է, որը նրանք ունեն այդ վայրագության հետ կապված, որ մենք, ըստ էության, գործ ունեինք ոչ թե ոստիկանության այլ հրոսակախմբի հետ: Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունը ուղղակի ստախոս է, որովհետեւ առաջին բառից մինչեւ վերջին բառը սուտ է եւ ես պատրաստվում եմ պաշտոնական պարզաբանումներ պահանջել հաղորդագրության մեջ հիշատակված փաստերի հետ կապված, որը պարտավոր են ներկայացնել: Այդ հաղորդագրության մեջ հանդիպող ձեւակերպումներով ոստիկանությունը առնվազն պարտավոր է ապացույցներ ներկայացնել, մասնավորապես ոստիկանապետը պարտավոր է բացատրել, թե որ օրենքով է գրված, որ ոստիկանները լիազորված են քաղաքացիներին պարտադրել, իրենց դիմում բողոքները այս կամ այն տեղը գցել: Ոստիկանության մասին օրենքում որեւէ ոստիկան նման բանով լիազորված չէ եւ նման պահանջ ներկայացնելու իրավասու չէ:   

Ոստիկանությունը խոսում է «սադրիչ հայտարարությունների» մասին: Եղե՞լ են նման բաներ:

Եթե նման բան են հայտարարում, ապա պարտավոր են ներկայացնել, թե ի՞նչ սադրիչ հայտարարություններ են արվել, ո՞ւմ կողմից եւ ո՞վ է կոչ արել, թող ներկայացնեն բոլոր ապացույցները: Ոստիկանության հաղորդագրության այն հատվածը, որտեղ հղում է արվում կայքերում տեղադրված տեսանյութերին, որը, ի դեպ, արվել է ոստիկանական այդ վայրագ օպերացիայի ավարտից հետո, ոստիկանապետը լռում է, որ իր ստորադասներից մեկը սկզբից մինչեւ վերջ տեսագրել է: Մենք պահանջում ենք, ոստիկանության կայքէջում տեղադրել առանց մոնտաժի այս տեսագրությունը:

Վստա՞հ եք,որ առանց մոնտաժելու կտեղադրեն:

Նրանք պարտավոր են տեղադրել ամբողջ տեսագրությունը, քանի որ ես անմիջապես կանգնած էի Ավետիսյան կոչվածի եւ ժողովրդի միջեւ, ես ինքս տեսել եմ ծայրից ծայր այն լկտի արտահայտություններն ու գոռգոռոցները, որոնք իրեն թույլ է տվել Ավետիսյանը: Այդ բոլորը տեսագրվել է ոստիկանության աշխատակցի կողմից: Եթե ոստիկանապետը իրեն ոստիկանապետ է համարում եւ ոչ թե բանդայի պարագլուխ, պարտավոր է պահանջել եւ ստանալ տեսագրությունը առանց մոնտաժի:  Սա Խալաֆյանի դեպքը չէ, եւ ես իրեն հուշում եմ, որ իր ստորադասը առանց ընդմիջման տեսագրել է: Այդ ամբողջը 10 րոպե է տեւել: Կա կին, որի ոտքը կոտրվել է, նրան Զարուհի Փոստանջյանն է տեղափոխել  հիվանդանոց, եւ ես կարծում եմ, որ այս ամենը Ավետիսյանի վրայից այս հանցագործության մեղքերը լվանալու փորձ է ընդամենը: Որովհետեւ կա մարմնական վնասվածք ստացած կին, մնացածը նույնպես հարվածներ ստացել են: Պիտի ասեմ, որ  միջազգային հանրությունը թե դեսպանատները արդեն իսկ անհանգստացած են այն ոչ համաչափ ուժի կիրառումից, որը գործադրվել է հրոսակախմբի կողմից կանանց նկատմամբ:

Դուք ի՞նչ եք պատրսատվում անել:

Պարոն ոստիկանապետը պարտավոր է 10 օրյա ժամկետում տեղադրել հաղորդագրության մեջ հիշատակված  բոլոր ապացույցները: Եթե գտնում է, որ  հիմքեր եւ ապացույցներ ունի, թող հրապարակի: Կան տասնյակ ականատեսներ եւ սպասում եմ, որ իրենց վկայությունները կտան սկսյալ մեզանից: Պարոն ոստիկանապետը շատ լուրջ ձեռնոց է նետել հանրությանը իր տարածած հաղորդագրության  տեսքով: Պարոն, ոստիկանապետ, եթե Դուք գիտեք, որ սադրիչ հայտարարություններ են արվել, ինչո՞ւ եք անորոշ խոսում, խոսեք փաստերով, որպեսզի մենք էլ Ձեզ հետ իմանանք, ովքեր են: Առավոտվանից դիվանագիտական  ներկայացուցիչների կողմից զանգերը չեն լռում, առկա է համատարած զայրույթ, թե ինչպես կարող է սա լինել:

Երեք  տարի առաջ, երբ մարտի 1-ին Արմեն Մարտիրոսյանն ընդունեց դանակի հարվածը՝ պաշտպանելու ոստիկանին, նրա մտքով չէր անցնում, որ այդ նույն ոստիկանությունը հետագայում կարող է վերածվել բանդիտական խմբավորման: