ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի մասնակցությունը ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեում Հայաստանի զեկույցի քննարկմանը եւ Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստճան քննարկումներին:
Փետրվարի 28-ից մարտի 1-ը Ժնեւում ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն իր 78-րդ նստաշրջանում քննարկել է Հայաստանի 5-րդ եւ 6-րդ համատեղ պարբերական զեկույցը:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զեկույցի քննարկմանը մասնակցել է Հայաստանի ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը:
ՀՀ պատվիրակության ղեկավարը ներկայացրել է զեկույցը, ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման կոնվենցիայիով ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը` օրենսդրական եւ պրակտիկայում արձանագրված բարեփոխումները: Զեկույցի քննարկմանը կհաջորդի կոմիտեի եզրակացությունների եւ առաջարկությունների ընդունումը:
Մարտի 1-ին Արման Կիրակոսյանը մասնակցել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 16-րդ նստաշրջանի բարձրաստիճան քննարկումներին: Նա հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանության եւ խրախուսման խնդիրներին, ՄԻԽ շրջանակներում ընթացող գործընթացներին Հայաստանի մասնակցությանը եւ ՄԻԽ օրակարգային այնպիսի կարեւոր հարցերի, ինչպիսիք են` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացումը, ցեղասպանության հանցագործության կանխարգելումը եւ խտրականության վերացումը:
ՄԻԽ նստաշրջանի ընթացքում ելույթներով հանդես են եկել Շվեյցարիայի Համադաշնության նախագահը, շուրջ 80 երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում այդ թվում` ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի արտգործնախարարները, ինչպես նաեւ ԵՄ արտաքին գործերի ղեկավարը:



























