Արաբական պետությունների լիգան (ԱՊԼ) վճռականապես մերժում է Լիբիայում ռազմական միջամտությունը, բայց կարող է աջակցել երկրի օդային տարածքում լիբիական ռազմաօդային ուժերի թռիչքի համար արգելված գոտիների ստեղծմանը: Նման հայտարարության է արվել Կահիրեում ԱՊԼ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի ավարտին:
«Նախարարները պայմանավորվել են շարունակել լիբիական ժողովրդին պաշտպանելու եւ նրանց անվտանգությունն ապահովելու մասին կոնսուլտացիաները: Արաբական երկրները չեն կարող ձեռքները ծալած նստել եւ տեսնել, թե ինչպես է թափվում եղբայրական ժողովրդի արյունը»,- ասված է խորհրդի ամփոփիչ հայտարարության մեջ:
ԱԳ նախարարները կատեգորիկ դեմ են արտահայտվել «Լիբիայի ներքին գործերին ցանկացած տիպի օտարերկրյա միջամտությանը»` ընդգծելով հարգել երկրի ազգային միասնականությունը, նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:
Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի` միաժամանակ ԱՊԼ գլխավար քարտուղար Ամր Մուսան նշել է, որ լուծման տարբերակներից մեկը կարող է լինել Լիբիայի օդային տարածքում Ջամահիրի ռազմաօդային ուժերի համար «փակ երկինք» ստեղծելը: «Այդ հարցը ԱՊԼ եւ Աֆրիկյան միության ուսումնասիրման եւ քննարկման փուլում է»,-ասել է նա:





























