Այն, ինչ երեկ հայտարարել են իշխանության խոսնակները, ընդամենը տղայական արձագանք էր. սակայն ժամանակն է, որպեսզի իշխանությունները դուրս գան ոչ հարիր տղայական իրավիճակներից, խորհեն եւ առավել ադեկվատ պատասխան տան ժողովրդին։ Մարտի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը՝ նկատի ունենալով ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուրադ Շարմազանովի երեկվա այն հայտարարությունը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է գիտակցի, որ վերջնագրերի կամ վերջնաժամկետների լեզվով խոսելը ժողովրդավարության սկզբունքներից չի բխում։
«Մենք իշխանավորևներին ցանկանում ենք բացատրել, որ խոսքն այն մասին չէ,թե քաղաքական որ ուժի հավակնություններն են բավարարվելու։ Մեր առաջարկն իշխանություններն ընկալել են իբրեւ մարտահրավեր եւ փորձել են միանգամից պատասխան տալ։ Պետք է հասկանալ, որ խնդիրն ավելի բարդ է. խնդիրն այն չէ, որ քաղաքական այս կամ այն ուժը շահած դուրս գա հասարակության աչքում, խնդիրը նրանում է, որ մենք հիմք ենք դրել քաղաքական լուրջ գործընթացի եւ առաջարկել ենք ստեղծված իրավիճակից համարժեք լուծումներ գտնել։ Ես իշխանություններին կոչ եմ անում վեր կանգնել եւ հասկանալ, թե որքան լուրջ առաջարկ է իրենց արված եւ դուրս գան գողական մտածելակերպի դրսեւորումներից»,- ամփոփել է Զուրաբյանը։
Նշենք, որ ՀԱԿ-ը հայտարարել էր, որ եթե իշխանությունները չկատարեն առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ներկայացված պահանջները, ապա ընդդիմությունը ձեռնամուխ կլինի սեփական ասելիքներին եւ անելիքներին։



























