Երեկ կառավարության շենքի առջեւ կատարված միջադեպն ապացուցեց հայ ոստիկանների անօգնականությունը եւ անգրագիտությունը։ Մարտի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը։
Նրա խոսքով, հայ ոստիկանները դեռեւս չեն գիտակցում, որ ժամանակները վաղուց փոխվել են եւ մարդկանց հետ կոպտորեն վարվելու խորհրդային միջոցներ կիրառել այլեւս չի կարելի։ «Երեւում է, Ոստիկանության հետ ԵԱՀԿ սեմինարները ոչ մի արդյունք էլ չեն տվել, նրանց դեռեւս ոչինչ չի հասել։ Վայ ինձ, եթե իմանայի, որ մեր բոլոր ոստիկաններն են այնքան անգրագետ, որքան երեկ կառավարության դեմ շղթա կազմածները։ Բայց լավ է, որ դա այդպես չէ։ Եթե մի անձ, ով տեղյակ չէ, որ անմեղության կանխավարկածը ոտնահարելը հանցանք է, ինչպե՞ս պետք է պաշտպանի քաղաքացուն»,- ընդգծեց Ալավերդյանը՝ համոզմունք հայտնելով, որ ոստիկանության անգրագիտության եւ անօրինական գործողությունների ֆոնին իրենց հաղթանակները դեռ առջեւում են։
Ամփոփելով՝ «Ժառանգության» պատգամավորը նշեց, որ եթե երեկ մարդկանց հանդեպ անօրինություններ թույլ տված ոստիկանության գործողություններն Ազգային ժողովի եւ անձամբ պատգամավորների կողմից իրավական գնահատականի չարժանան, կնշանակի, որ նրանք բոլոր անուղղակի ձեւով մասնակից են բոլոր այդ ապօրինություններին։
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 3-ին կառավարության շենքի մոտակայքում ոստիկանների եւ պատգամավորների միջեւ բախում է տեղի ունեցել: Ըստ ցուցարարների, մոտ 40 ոստիկաններ` Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ, հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, քաշքշել ու հարվածներ հասցրել: Ոստիկանները չեն խնայել նաեւ կանանց: Ռոբերտ Մելքոնյանն անձամբ քաշքշել է Զարուհի Փոստանջյանին, իսկ ՀԱԿ-ի անդամ Վարդգես Գասպարին գետնին են տապալել, բռնություն կիրառել ու բերման ենթարկվել ոստիկանություն:
Քաշքշոցի հետեւանքով, վատացել է մի կին, ում շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի վայր է ժամանել «Շտապօգնության» մեքենան, որի մեջ կտրուկ վատացել է Անահիտ Բախշյանի վիճակը եւ բժիշկները սրսկել են նրան:Քիչ անց «Ժառանգության» պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը, Ստյոպա Սաֆարյանն ու Զարուհի Փոստանջյանը մտել են կառավարության շենք եւ հանդիպում պահանջել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:





























