Եթե երեկ ոստիկաների կողմից «Ժառանգության» հանդեպ թույլ տրված գործողություններն արժանի պատասխան չստանան եւ հարցը չլուծվի մինչդատական շրջանակներում, ապա կուսակցությունն անխոս դիմելու է դատական  համակարգ։ Մարտի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման հայտարարությամբ հանդես եկավ նույն կուսակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

«Մենք նաեւ ծառայողական քննություն ենք պահանջելու եւ ակնկալում ենք, որ դրա արդյունքում ոստիկանության համակարգից օրենքը խախտած ոստիկաններ կհեռացվեն»,- նշեց նա։

Անդրադառանոլով երեկ կառավարության նշենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի մանրամասներին՝ Մարտիրոսյանը նկատեց, որ այն  բացառապես խաղաղ բնույթ է կրել, եւ որ իր գործողություններում ապօրինի որեւէ արարք չի եղել։ «Դուք նույնիսկ ոստիկանության կողմից արված նկարահանումներում չեք կարող գտնել մի կադր, ուր իմ մասնակցությամբ անօրինական դրվագներ լինեն, որոնք նախորդած կլինեին ոստիկանության գործողություններին»,- հավաստիացրեց նա։

Պատգամավորի խոսքով, «բարոյականությունից որքա՞ն  զուրկ պիտի լինի ոստիկանը, որ կանգնի ու հայտարարի, որ Անահիտ Բախշյանը հայհոյել է իրեն»։

Ամփոփելով՝ Արմեն Մարտիրոսյանը ընդգծեց, որ ոստիկաններին խաղաղ ցուցարարների դեմ դուրս բերելը հանցանք է: «Ես ցավում եմ մեր ոստիկանների համար, որոնց հրահանգ են տալիս շղթա կազմել ժողովրդի առջեւ, իսկ այդ նույն հրահանգ տվողները գործողության կեսից հետ են քաշվում։ Եթե իշխանությունները չեն տիրապետում երկրում տիրող իրավիճակին, ապա ոստիկաններին մարդկանց հանդեպ ապօրինի գործողությունների դրդելու փոխարեն պետք է կարգավորեն առկա խնդիրները»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ մարտի 3-ին կառավարության շենքի մոտակայքում ոստիկանների եւ պատգամավորների միջեւ բախում է տեղի ունեցել: Ըստ ցուցարարների, մոտ 40 ոստիկաններ` Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ, հարձակվել են ակցիայի մասնակիցների վրա, քաշքշել ու հարվածներ հասցրել: Ոստիկանները չեն խնայել նաեւ կանանց: Ռոբերտ Մելքոնյանն անձամբ քաշքշել է Զարուհի Փոստանջյանին, իսկ ՀԱԿ-ի անդամ Վարդգես Գասպարիին գետնին են տապալել, բռնություն կիրառել ու բերման ենթարկել ոստիկանություն:

Քաշքշոցի հետեւանքով, վատացել է մի կին, ում շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Դեպքի վայր է ժամանել «Շտապօգնության» մեքենան, որի մեջ կտրուկ վատացել է Անահիտ Բախշյանի վիճակը եւ բժիշկները նրան օգնություն են ցուցաբերել: Քիչ անց «Ժառանգության» պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանը, Ստյոպա Սաֆարյանն ու Զարուհի Փոստանջյանը մտել են կառավարության շենք եւ հանդիպում պահանջել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ: