«Orange Արմենիան» հայ ուսանողների շրջանում մրցույթ է հայտարարում՝ հեռահաղորդակցության ոլորտում լավագույն նորարակական առաջարկի համար։ Այսօր՝ մարտի 4-ին այդ մասին հայտարարեց ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան։

Մրցույթին կարող են մասնակցել Երեւանի պետական համալսարանի եւ Պետական ճարտարագիտական համալսարանի (պոլիտեխնիկ) 4-րդ եւ ավելի բարձր կուրսերի, մագիստրատուրայի եւ ասպիրանտուրայի ուսանողները։ Դրա համար նրանք այսօրվանից պետք է անգլերեն կամ ֆրանսերեն լեզուներով առաջարկներ ներկայացնեն էլեկտրոնային փոստով։

Բ. Դյութուայի խոսքով՝ օտար լեզվի իմացությունը միակ սահմանափակումն է մրցույթին մասնակցելու առումով, քանի որ հաղթողը պետք է 6 ամիս վճարովի պրակտիկա անցնի Ֆրանսիայում եւ կարողանա աշխատանքային կարգով շփվել իր գործընկերների հետ։

«Orange Արմենիայի» գլխավոր տնօրենն ասաց, որ այս ձեւաչափով միայն Հայաստանում են մրցույթ անցկացնում։ Այլ երկրներում Orange-ը միշտ էլ ձգտել է նորարարական գաղափարներ ստանալ երիտասարդներից, սակայն սովորաբար դրանք իրենց լաբորատորիաների պրակտիկանտներն են։ Եղել են նույնիսկ նման գաղափարների պատենտավորման դեպքեր։

Նշենք, որ Orange Labs լաբորատորիաները, որտեղ աշխատում են 3500 գիտաշխատողներ, հեռահաղորդակցության ոլորտում աշխարհում ամենամեծ գիտական լաբորատորիաներն են; Բ. Դյութուան չբացառեց, որ ապագայում այդպիսի լաբորատորիա ստեղծեն նաեւ Հայաստանում։