Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում մարտի 4-ին մեկնարկեց Հայաստանի ռոբոտների բաց առաջնությունը՝ «ԱրմՌոբոտիքսը»։ Մրցույթը մեկնարկել է ամենապարզ՝ «Գծին հետեւող ռոբոտ» անվանակարգում։ Մրցույթի ընթացքում մասնակիցների նախագծած եւ պատրաստած ռոբոտները պետք է շարժվեն սպիտակ դաշտի վրա գծված սեւ գծերով եւ հասկանան համապատասխան ազդանշանները: Մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցում են 3 թիմեր։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով՝ ռոբոտների հաջորդ մրցույթներին տարիքային սահմանափակում կդրվի, որպեսզի դրան մասնակցեն ավելի երիտասարդ կադրեր՝ դպրոցականներ կամ ցածր կուրսերի ուսանողներ։
Վաղը՝ մարտի 5-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի կունենա «Իրեր տարբերակող եւ դասակարգող ռոբոտների» մրցույթը։ Մրցույթի ավարտին կամփոփվեն այսօրվա եւ վաղվա մրցույթների արդյունքները։ Նախատեսվում է, որ կլինի նաեւ մրցանակաբաշխություն։
Տեղեկացնենք, որ «ԱրմՌոբոտիքսի» շրջանակներում այս տարի աշնանը տեղի կունենա «Ական փնտրող ռոբոտների» մրցույթը, իսկ տարեվերջին սկսվելու է «Առանց օդաչու ռոբոտների» մրցույթը:


























