Բրիտանացի զինվորականները բարձր մարտական պատրաստության են բերել Շոտլանդիայի արքայական գնդի ստորաբաժանումները՝ կապված Լիբիայում մոլեգնող արյունալի հուզումների հետ, գրում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով բրիտանական Daily Telegraph-ը:

Black Watch գնդի երրորդ գումարտակը շատ կարճ ժամանակում կհայտնվի Հյուսիսային Աֆրիկայում, եթե Լիբիայում իրավիճակը վատթարանա եւ անհրաժեշտ լինի զինվորականների մտցնել այնտեղ:

600 զինվորականից կազմված այդ ստորաբաժանումը Իրաքից վերադարձել է 2009-ին: Հիմա գումարտակը տեղակայված է Ֆորտ-Ջորջ ռազմակայանում Շոտլանդիայի Ինվերնես քաղաքի նավահանգստի մոտ:

Միաժամանակ, պաշտպանության նախարարությունում նշել են, որ Black Watch գումարտակը նախապատրաստվել հումանիտար, այլ ոչ ռազմական գործողությունների իրականացման համար:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Լիբիայում զանգվածային հուզումներն սկսվել են փետրվարի 15-ից: Ցուցարարները պահանջում են նախագահ Մուամար Քադաֆիի հրաժարականը, ով ղեկավարում է երկիրը 42 տարի: Քադաֆին ցուցարարների դեմ է հանել օդուժն ու բանակը, որի հետեւանքով զոհերի թիվն անցնում է հազարից: Սեփական ժողովրդի դեմ օգտագործվել են օտարերկրյա վարձկաններ:

Փետրվարի 28-ին Եվրամիությունը պաշտոնապես սանկցիա է կիրառել Լիբիայի նկատմամբ: Դրանով ծրագրվում է արգելել Լիբիա զենք-զինամթերք մատակարարումը, որը կարող է օգտագործվել բողոքի ալիքը զսպելու համար: Բացի այդ, ամենայն հավանականությամբ, կսառեցվեն Լիբիայի նախագահ Մ. Քադաֆիի ու նրա հարազատների բանկային հաշիվները:

Մարտի 1-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ը պատրաստվում է  հրթիռային հարվածներ հասցնել Լիբիայի տարածքում գտնվող` Քադաֆիի հսկողության տակ եղած զինված ուժերին:

Հայաստանը Լիբիայից տարբանել է իր 4 քաղաքացիներին: