Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհին ապրիլի 11–ին տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տուժած ժամկետային զինծառայողների մեծ մասը առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց ‹‹Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն›› ՓԲԸ -ի տնօրեն Լուսինե Վարդանյանը։
Նա նշեց, որ սկզբում իրենց մոտ է տեղափոխվել 20 զինծառայող՝ այդ թվում մեկ սպա և «ԶԻԼ 131» մակնիշի ավտոմեքենայի վարորդը։
Վարդանյանի խոսքով՝ այս պահին իրենց մոտ հոսպիտալացված է 4 ժամկետային զինծառայող, որոնցից մեկին ամենայն հավանականությամբ կտեղափոխեն այլ ԲԿ՝ վիրահատության նպատակով։
Տուժածների վիճակը բժիշկների գնահատմամբ՝ բավարար է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Ավելի վաղ հայտնել ենք, որ ապրիլի 11-ին, ժամը 20:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ՊՆ թիվ N զորամասի ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհի 22-րդ կմ-ին թիվ N զորամասի «ԶԻԼ 131» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել ժայռին եւ շրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը 18 զինծառայող հոսպիտալացվել է Մեղրու ԲԿ, որտեղ տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ մյուսներինը՝ բավարար:





























