Հայ-թուրքական սահմանի բացման դեպքում, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը կմեծացնի իր ներդրումային փաթեթը մինչեւ 603 միլիոն դոլար: «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ձեռնարկությունը հանդիսացող ընկերության այս ծրագրերը հաստատել են Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության աղբյուրները: Հիշեցնենք, որ հայկական երկաթուղին կոնցեսիոն կառավարման է հանձնվել «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությանը: Կոնցեսիոն պայմանագիրը կնքվել է 2008 թվականին՝ 30 տարի ժամկետով, որը կարող է երկարաձգվել եւս 20 տարով:
Ավելի վաղ, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների գծով տնօրեն Մարատ Խակովը լրագրողներին հայտնել էր, որ ընկերությունը պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը, քաղաքական հարցերը լուծելուց անմիջապես հետո: Ընկերությունը նախատեսում է նաեւ Ախուրյան կայարանում միջազգային լոգիստիկ կենտրոնի շինարարություն իրականացնել:
Նշված կոնցեսիոն պայմանագիրը կնքելիս պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ենթակառուցվածքների գծով ներդրումները պետք է կազմեն 572 միլիոն դոլար, Թուրքիայի հետ սահմանը բացելու դեպքում` 603 միլիոն դոլար, Ադրբեջանի հետ սահմանը բացելու դեպքում` 1,7 միլիարդ դոլար, իսկ աբխազական երկաթուղին բացվելու դեպքում` 2,1 միլիարդ դոլար:
Միաժամանակ, օրերս Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Էլհան Փոլուխովը թուրքական «Զաման» թերթում հայտարարել էր, որ Բաքուն պատրաստ է բացել Հայաստանի հետ սահմանը եւ վերականգնել երկաթուղային հաղորակցությունը, եթե Երեւանը վերադարձնի ԼՂ-ին հարակից 5 տարածքները: Իր հերթին, Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշը հայտարարել էր, որ «Ռուսական երկաթուղիների» հետ պայմանավորվածություն ունի աբխազական հատվածը գործարկելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերության Հայաստանում ներդումային պարտավորությունների շուրջ վերջերս սկանդալ էր սկսվել, որից հետո ռուսական ընկերությունը փոխել էր դուստր ընկերության ղեկավարին: «Ռուսական երկաթուղիներ» ընկերության դուստր ընկերությունների գծով դեպարտամենտի պետ Գլեբ Ֆեդուլովը հայտարարել էր, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունն ու նրա մայր ընկերությունը պետք է պայմանավորվեն Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության հետ եւ վերանայեն առաջիկա երեք տարվա ներդրումային ծրագրերը: 2009-11 թվականների ներդրումային ծրագրերի վերանայումը, ըստ Ֆեդուլովի, կապված է նրա հետ, որ ընկերությունը այդ միջոցները չի օգտագործել այնպես, ինչպես նախատեսված է եղել ծրագրով: Ընկերության պաշտոնական տվյալներով, տնօրենների խորհուրդը 2009 թվականի համար ներդրումների ծավալը հաստատել է 2,6 միլիարդ ռուբլի:
Հայկական կողմը՝ ի դեմս տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի, այս տարվա մարտին հայտարարել է, որ այդ ընկերության 2008 թվականի ներդրումային ծրագիրը կատարել է 28 տոկոսով: Մինչ այդ, հայկական լրատվամիջոցները գրում էին, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ղեկավարությունը իր մայր ընկերությունից ստացված միջոցները ծախսել է Երեւանի կենտորնում էլիտար բնակարաններ գնելու վրա: Հնչել էին նաեւ մեղադրանքներ, որ նրանք ներդրումներ կատարելիս եւս գումարներ են մսխել:




























