ՀԱՀ-ի նախագահ Սիրիլ Ռամափոսան կոչ է արել երկրում արմատախիլ անել ռասիզմն ու քսենոֆոբիան, որոնց դրսեւորումները ապարտեիդի ռեժիմի տապալումից հետո դեռեւս պահպանվել են: Այդ խոսքերով նա ելույթ է ունեցել Արեւելյան Քեյփ նահանգի Մականդա քաղաքի մարզադաշտում 1994 թվականին առաջին համընդհանուր ընտրությունների անցկացման հոբելյանական տարելիցի կապակցությամբ: Պետության ղեկավարի ելույթը հեռարձակել է SABC հեռուստաալիքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Չնայած առաջընթացին, որը մենք գրանցել ենք, մենք դեռեւս բախվում ենք ռասիստական ակցիաների եւ արտասահմանցիների վրա հարձակումների, ինչպես նաեւ հարավաֆրիկյան հին դրոշի հրապարակային ցուցադրման միջոցով մեր ազգի միասնությունը քայքայելու նենգ փորձերին»,-ասել է Ռամափոսան:

Նախագահի խոսքերով՝ ներկայումս ազատության եւ սահմանադրական կարգի պաշտպանությունը պահանջում է քաղաքացիներից մերժել քսենոֆոբիայի եւ բռնության բոլոր դրսեւորումները, այդ թվում՝ միգրանտների եւ փախստականների նկատմամբ, որոնք հաճախ տուժում են ատելության հողի վրա կատարված հանցագործությունների հետեւանքով: «Մեր նախնիների զոհաբերությունը չափազանց մեծ է, իսկ այն գինը, որ նրանք ստիպված էին վճարել, չափազանց բարձր, որպեսզի մենք թույլ տանք մեր ձեռքբերումները գրանցել անհանդուրժողականության շրջանակներում»,-հավելել է երկրի նախագահը:

Ռամափոսան ընդգծել է, որ ազատությունը, որը 25 տարի առաջ ձեռք էր բերել հարավաֆրիկյան ժողովուրդը, դեռեւս ամբողջական չէ, քանի դեռ երկրում չի վերացվել խորը սոցիալական անհավասարությունը բնակչության ռասաների եւ այլ խմբերի միջեւ: «Դեռեւս զգալի անջատում կա հարուստների եւ աղքատների, քաղաքի եւ գյուղի բնակիչների, տղամարդկանց եւ կանանց, աշխատողների եւ գործազուրկների, հողի սեփականատերերի եւ սեփականություն չունեցող մարդկանց միջեւ»,-խոստովանել է քաղաքական գործիչը:

Ապարտեիդի քաղաքականությունը, որն առաջարկում էր ՀԱՀ-ի քաղաքացիներին առանձին բնակություն եւ օժտում էր տարբեր մարդկանց տարբեր իրավունքներով՝ կախված մաշկի գույնից, իրագործվում էր իշխանական Ազգային կուսակցության կողմից, որն իշխում էր 1948-1994թթ.: Մուգ մաշկ ունեցող հարավաֆրիկացիները, ի տարբերություն Նիդերլանդներից, Ֆրանսիայից, Գերմանիայից եւ եվրոպական մի քանի այլ երկրներից գաղութականների ժառանգների, ենթարկվում էին խտրականության եւ շահագործման:

Ժողովրդավարական ռեֆորմները, որոնց արդյունքում տեղի ունեցան ՀԱՀ-ում առաջին ազատ ընտրությունները, մեկնարկել էին 1989 թվականին՝ այդ երկրի վերջին սպիտակամորթ նախագահ Ֆրեդերիկ Վիլեմ դե Կլերկի օրոք: 1994 թվականի քվեարկության արդյունքում հաղթել էր «Աֆրիկյան ազգային կոնգրես» կուսակցությունը, որի առաջնորդն էր Նելսոն Մանդելան. նա 27 տարի ազատազրկումից հետո դարձել էր ամբողջ ժողովրդի կողմից ընտրված առաջին նախագահը: