Հայաստանի օմբուդսմենի պաշտոնին կտրվի ամենաբարձր միջազգային կարգավիճակ երկրի տարածքում նրա գործունեության անկախության առումով: Այս մասին ապրիլի 29-ին ԱԺ-ում Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի գործունեության մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ ասաց մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նրա խոսքով՝ օմբուդսմենի գրասենյակի գործունեությունը ենթարկվել է միջազգային մանրակրկիտ ուսումնասիրման:

«ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակլի շրջանակում գործող անկախ խումբը որոշում է ընդունել այդ կարգավիճակը տրամադրելու մասին: Ի դեպ, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն այդ կարգավիճակն ունի 2006 թվականից, սակայն 5 տարին մեկ այն շատ լուրջ եւ խիստ կերպով վերանայվում է»,- պարզաբանեց Թաթոյանը:

Ընդ որում՝ նա հավելեց, որ տվյալ որոշումն անչափ կարեւոր է երկրի միջազգային հեղինակության տեսակետից: