Ինչպես մենք նախկինում ենք հայտարարել, այնպես էլ հիմա ենք ասում, Հայաստանում իշխանությունն ու բիզնեսը չեն կարող սերտաճել։ Այս մասին ասյօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ խոսելով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու ՔՈ–ի հայտարարության մասին։

«ՔՈ–ի հայտարարությունը մենք կարող ենք դիտարկել 2 տիրույթում՝ իրավական եւ քաղաքական։ Իրավական առումով մեզ համար եւս կարեւոր է, թե ինչ գնահատական է հնչելու, կսպասենք իրավապահ մարմինների գնահատականին։ Քաղաքական առումով՝ ինչպես մենք նախկինում ենք հայտարարել, այնպես էլ հիմա ենք հայտարարում, որ չի կարող լինել, որ իշխանությունն ու բիզնեսը սերտաճեն։ Սա մենք ասում ենք, երբ հայտարարում ենք, որ Հայաստանում գոյություն չունի օլիգարխիա»,–ասաց նա։

Մակունցը կարծում է, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը պետք է հանդես գա օրենսդրական նախաձեռնությամբ. «Միեւնւյն ժամանակ քննարկում եղավ, որ կարծես իրավական առումով որոշակի լողացող ինչ–որ մի տիրույթի հետ գործ ունենք, որը հստակեցման կարիք ունի, ամեն դեպքում գտնում եմ, որ պետաիրավական հանձնաժողովը այս առումով պետք է հարցը դիտարկի եւ հանդես գա օրենսդրական նախաձեռնությամբ։ Սա իմ կարծիքն է, դեռ հանդես չեմ եկել առաջարկով, բայց անպայման կանեմ»։

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, որ Հայաստանում օլիգարխներ չկան, կան խոշոր սեփականատերեր, չլեգիտիմացրե՞ց Գագիկ Ծառուկյանի ներկայությունը ԱԺ–ում, Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Եթե որեւէ փուլում իրավական գնահատական կհնչի, որ տեղի է ունենում պաշտոնական դիրքի չարաշահում, եւ մարդիկ, որոնք լինելով օրենսդրական դաշտում, զբաղվում են բիզնեսով, պետք է համապատասխան գործողություններ ձեռնարկվեն»: