Նյու Յորքը ԱՄՆ առաջին խոշոր քաղաքն է, որտեղ բանտարկյալներին այսուհետ թույլատրված է անվճար խոսել հեռախոսով երկրի սահմաններում։ Այս մասին ասվում է մեգապոլիսի քաղաքապետ Բիլ դե Բլազիոյի կայքում հրապարակված հաղորդագրությունում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Բանտարկյալները չափազանց երկար են բախվել խոչընդոտների ամենասովորական իրավիճակներում»,- նշել է քաղաքապետը։ «Անվճար հեռախոսազանգերի օգնությամբ մենք վերացնում ենք այդ խոչընդոտներից մեկը եւ կալանքի տակ գտնվող մարդկանց համար ապահովում փաստաբանների, ընտանիքների եւ աջակցության կազմակերպությունների հետ կապ ունենալու հնարավորություն, որոնք կարեւոր դեր են խաղում այն բանում, որ մարդիկ պատիժը կրելուց հետո նորից դառնան հասարակության լիարժեք անդամ»,- ասել է դե Բլազիոն։

Քաղաքապետարանի հաղորդագրության համաձայն՝  բանտարկյալներին առաջ անվճար թույլատրվում էր զանգահարել միայն փաստաբաններին։ Մնացած զանգերի մեկ րոպեն բանտարկյալի վրա 50 սենթ էր նստում, մնացած բոլոր րոպեները՝ ամեն մեկը 5 սենթ։ Նյու Յորքի բանտարկյալները (ավելի քան 8000 մարդ) միջինը կատարում են ավելի քան 25 հազար զանգ օրական, ինչը մեգապոլիսի բյուջեին մոտ 5,5 մլն դոլար էր բերում ամեն տարի։

Հիմա այդ ծախսերն իր վրա կվերցնի  կատարողական հիմնարկների քաղաքային դեպարտամենտը։ Բանտարկյալներին թույլատրվում է զանգահարել ուր ասես ԱՄՆ սահմաններում։ Նման հեռախոսազանգերի տեւողությունը սահմանափակվում է երեք ժամը մեկ 21 րոպեով։ Մեկ զանգը չի կարող 15 րոպեից ավելի տեւել։