«Մենք այսօր մի այնպիսի իրավիճակում ենք հայտնվել, երբ ըստ էության, թե գործող իշխանությունը, թե արմատական ընդդիմությունը` ի դեմս Հայ ազգային կոնգրեսի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ղարաբաղի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների խնդիրներում տեսականորեն միեւնույն դիրքերից են հանդես գալիս»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը, հավելելով սակայն, որ, այդուհանդերձ, նրանց դիրքորոշումներում կան տարբերություններ:

Նրա խոսքով, Թուրքիան իր նախապայմանները նոր չէ, որ առաջ է քաշում, սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանն իր իշխանության տարիներին «չգնաց այն ճանապարհով, որով այսօր փորձում է գնալ Սերժ Սարգսյանը»:

«Լեւոն Տեր-Պետրոսյանը մերժեց այդ ճանապարհը, որովհետեւ այս առաջարկները այն ժամանակ էլ են եղել, բայց մեծ հաշվով նրանց մոտեցումները մոտավորապես նույնն են, որ պետք են այս հարաբերությունները»,- ասաց նա: