Հայաստանը շրջապատված է բարդ հարեւաններով, որոնցից յուրաքանչյուրն իր խնդիրներն ունի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով նախկին խրոհրդական Ջեյմս Ջոնսը:

Նա նշել է, որ ԱՄՆ-ը պետք է համագործակցի այնպիսի երկրների հետ, ինչպիսին Հայաստանն է՝ առեւտրի եւ փոխանակման ծրագրի օգնությամբ: Ջոնսը նշել է նաեւ նման տարածաշրջաններում, մասնավորապես, Եվրասիայում եւ Հայաստանում, մասնավոր սեկտորի հետ համագործակցության կարեւորությունը:

«Առեւտուրն այն է, ինչը փոխում է մարդկանց կյանքն ու հույս տալիս նրանց»,- ընդգծել է Ջոնսը: 

Ծովային հետեւակի պաշտոնաթող գեներալ Ջեյմս Ջոնսը հավելել է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը լավ համբավ ունի Միացյալ Նահանգներում:

«Հայաստանը բարեկամական երկիր եմ համարում: Հայաստանը որպես գործընկեր աջակցում է ՆԱՏՕ-ին, եւ մենք պետք է առավել երախտապարտ լինենք Հայաստանին, քան նախկինում»,- նշել է նա:

Խոսելով ԱՄՆ արտաքին քաղաքականության մասին՝ ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդականը նշել է ընկերությունը պահպանելու եւ նոր ընկերներ ձեռք բերելու կարեւորություն մասին:

«Սակայն կարծում եմ, որ մեր կառավարությունը պետք է առավել ընդունելի, որոշ հարցերում առավել դիվանագիտորեն շփվի»,- հավելել է նա:

Միեւնույն ժամանակ Ջոնսը կարծում է, որ չի կարելի չնշել գերտերությունների միջեւ մրցակցությունն ու այն, որ հանրային միջոցառումների ժամանակ ասվածը տարբերվում է նրանից, ինչ է իրականում տեղի ունենում ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի կառավարությունների մակարդակով: