Սեպտեմբերի 25-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այց է կատարել Արարատի եւ Արմավիրի մարզեր: Մի շարք ձեռնարկություններ այցելելուց եւ գյուղի խաղողագործների հետ զրուցելուց հետո երկրի ղեկավարը խորհրդակցություն է անցկացրել Արմավիրի մարզպետարանում՝ նվիրված գյուղատնտեսական արտադրանքի մթերման իրավիճակին:

Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, թե Սարգսյանն ասել է, որ մթերման գործընթացում առաջացած խնդիրները պետք է լուծվեն գյուղացի-վերամշակող կազմակերպություն հարաբերություններում վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն: «Մենք աճեցված բերքն ամբողջովին մթերելու խնդիր ունենք: Բոլոր այն մթերողները, ովքեր գյուղացիների հետ պայմանագրեր են կնքել, պետք է միանշանակ կատարեն իրենց պայմանագրային պարտավորությունները»,- հայտարարել է նախագահը եւ կոչ արել չօգտագործել ճգնաժամի փաստը՝ մթերման գների նվազեցման համար:

Սերժ Սարգսյանն ասել է, որ պատրաստի արտադրանքի իրացման փուլում պետությունը պարտավոր է կանգնել արտադրող ձեռնարկության կողքին`ապահովել բարենպաստ պայմաններ, օժանդակել նոր շուկաներ գտնելու գործում:

Երկրի ղեկավարն անդրադարձել է նաեւ հայկական կոնյակի վարկն արտահանման շուկաներում պահպանելու խնդրին` ասելով, որ անորակ արտադրանք թողարկողները վտանգում են ապրանքանիշը։
Այս հարցում Նախագահը կարեւորել է պետություն-մասնավոր հատված համագործակցությունը` առաջարկելով վերամշակողներին ստեղծել մի միություն եւ, որակի հսկման պետական մարմինների աշխատանքին զուգահեռ, նաեւ ինքնակազմակերպման միջոցով վերահսկել անբարեխիղճ արտադրողներին: