Ինչպես ամեն ուրբաթ, երեկ եւս Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թեւը երթ իրականացրեց, սակայն երբ երիտասարդները սկսել են բացականչել «Սերժիկ հեռացիր», հայտնվել են կարմիր բերետավորները եւ հարձակվել երթի մասնակից երիտասարդների վրա: Ոստիկանների հետ միասին բերետավորները ակցիայի մասնակիցներին փորձել են հետ հրել դեպի Կոնգրեսի գրասենյակ` նրանց հետ անընդհատ ընդհարվելով: Ոստիկանները հրելուց բացի չենթարկվող երիտասարդներին հարվածում էին նաեւ ոտքերով: Ամբողջ այդ ընթացքում մասնակիցները չէին դադարում վանկարկել ու բղավել, որ նման ձեւերով իրենց հնարավոր չէ վախեցնել, որ գալու է պատասխանատվության ենթարկվելու ժամանակը եւ այլն:

Այդ քաշքշուկի արդյունքում, ոստիկանները, կարողացել են դադարեցնել երթը, ընդ որում, ոստիկանները բերման են ենթարկել երիտասարդ կոնգրեսական, 20-ամյա Վարդան Հարությունյանին, որին ժամեր անց տարել բաց են թողել Աշտարակի ճանապարհին:

Նշենք, որ ամբողջ երթի ընթացքում ներկա են եղել Մարդու իրավունքների գրասենյակի աշխատակիցները, որոնք որեւէ կերպ չեն մեկնաբանել տեղի ունեցածը: Միայն նշել են, որ հարցման դեպքում իրենց գրասենյակը գրավոր կպատասխանի: