Այսօր` սեպտեմբերի 26-ին աշխատանքային այցով Նյու-Յորք է ժամանել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նույն օրը նա հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասյեի, Ռոբերտ Բրադկեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, ողջունելով Ռոբերտ Բրադկեի նշանակումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում, նախարար Նալբանդյանը հույս է հայտնել, որ նրա դիվանագիտական ծառայության տարիներին կուտակած մեծ փորձը եւ հմտությունը օգտակար կլինեն արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում:

Շուրջ երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված բանակցություններին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել եռանախագահների տարածաշրջան այցելության հնարավորությանը` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հաջորդ հանդիպման կազմակերպման նպատակով: