Թուրքական ընդդիմադիր կուսակցության փոխնախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է Թուրքիայում ստեղծել Հայաստան եւ Քուրդիստան։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Թուրքական ընդդիմադիր «Ազգայնական շարժում» (Գորշ գայլերի քաղաքական թեւ) (MHP)կուսակցության փոխնախագահ Մեհմեդ Շանդըրը մասնակցել է Մերսին քաղաքում կազմակերպված միջոցառմանը։ Նա կրկին քննադատել է թուրքական իշխանությունների հայտարարած ժողովրդավարացման նախաձեռնությունը՝ այդ թվում քրդական հարցի կարգավորման նախաձեռնությունը։ Թուրք ազգայնականը գտնում է, որ իշխանությունների նախաձեռնությունը՝ PKK (Քրդական բանվորական կուսակցության) նախաձեռնությունն է։ Ըստ նրա, PKK-ն չկարողանալով զենքով լուծել խնդիրը՝ սկսել է այս քաղաքականությամբ լուծել։ Մեհմեդ Շանդըրը ասել նաեւ, որ այս նախաձեռնությամբ ԱՄՆ-ը ցանկանում է Թուրքիայում ստեղծել Հայաստան եւ Քուրդիստան։

NEWS.am-ը հիշեցնում է, որ «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավարը Դեւլեթ Բահչելին հայտարարել էր, որ Թուրքիայի վարչապետ Էրդողանը երկրում ժողովրդավարացման նախաձեռնությամբ ցանկանում է Թուրքիան մասերի բաժանել։ Իսկ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրությունների քննարկումներին այս կուսակցությունը կտրականապես հրաժարվեց մասնակցել եւ նույնիսկ մերժեց հանդիպել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ։

1990-ականների կեսերին այս ազգայնական կուսակցության հիմնադիր Ալփարսլան Թյուրքեշը հեռուստաեթերից Հայաստանին զինադադարի դիմաց առաջարկել էր սահմանների բացում, այն ժամանակ Հայաստանին անհրաժեշտ Էլեկտրաէներգիա, հացահատիկ եւ նավահանգիստ Սեւ ծովում՝ Տրապիզոնում, ինչպես նաեւ Հայաստանի ներգրավում տարբեր էներգակիրների փոխադրման նախագծերում։