Րաֆֆի Հովհաննիսյանը շատ խիզախ է վարվել՝ գնալով իշխանությունների դեմ բողոքի արտահայտման քաղաքական այս քայլին՝ հացադուլին։ Այս մասին մարտի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը՝ նրա այդ քայլը որակելով քնած հասարակությանն արթնացնող։
«Սա ոչ ստանդարտ արարք է, որը ես դրական եմ գնահատում։ Իմ՝ Հովհաննիսյանի հանդեպ վերաբերմունքը փոխվեց հենց այս արարքից հետո, չնայած որ չեմ ողջունում նրա արեւմտյան արժեքներին հակվածությունը»,-ասաց Կարապետյանը։
Պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ էր ինքը գնալ նման քայլի, ԺԿ նախագահն ասաց. «Երբեք մի ասա երբեք։ Ես պայքարի նոր մեթոդ եմ պատրաստել, ժամանակը կգա, կիմանաք»:
Ինչ վերաբերում է նրան, թե պե՞տք է Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցնի հացադուլը, Կարապետյանը նրան խորհուրդ տվեց մինչեւ վերջ գնալ։ «Եթե նա հացադուլ է սկսել, ապա պետք է մինչեւ վերջ գնա, մինչեւ նրան հիվանդանոց կտեղափոխեն»։
Անդրադառնալով փաստին, որ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքի ժամանակ չմոտեցավ հացադուլ հայտարարած Հովհաննիսյանին, Կարապետյանը նկատեց, որ Տեր-Պետրոսյանը չի ցանկանում ՀԱԿ-ի կողմնակիցներից բացի որեւէ մեկին երախտապարտ լինել իր հաջողությունների համար։
Կարապետյանը նաեւ չբացառեց իր կուսակցության միացումը «Ժառանգությանը», եթե ցանկությունը փոխադարձ լինի։





























