Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական շտաբի իրավական ծառայության ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը հայտնել է, որ արդեն առաջիկա օրերին պատրաստվում են Կոնգրեսի երիտասարդական թեւի անդամ, ներկայումս կալանավորված Տիգրան Առաքելյանի գործով դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

«Նախնական նամակը երկուշաբթի կամ երեքշաբթի Եվրոպական դատարան կգնա Տիգրան Առաքելյանի կողմից», — ասել է Խաչատրյանը: Հարցին` ինչպե՞ս են դիմում Եվրոդատարան, եթե դեռեւս սպառված չեն ներպետական բոլոր ատյանները, Արմեն Խաչատրյանը արձագանքեց. — «Արգելք չէ, որ մենք այսօր արդեն նախնական նամակով դիմենք Եվրոպական դատարանին»: Այդուհանդերձ, նա հավելել է, որ դեռ կհասցնեն անցնել բոլոր անհրաժեշտ ներպետական ատյաններով:

Առաքելյանի պաշտպանները պնդում են, որ Կոնգրեսի երիտասարդ ակտիվիստը բռնությունների է ենթարկվել` արդեն իսկ գտնվելով անազատության մեջ: Քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանի ներկայացմամբ, իր պաշտպանյալի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:

Այն բանից հետո, երբ Տիգրան Առաքելյանը տեղափոխվել է դատապարտյալների հիվանդանոց, այնտեղ կատարվել են մի շարք հետազոտություններ, քանի որ ինքը բողոքել է ձախ աչքի տեսողությունից, և ունեցել է գլխապտույտներ: «Այժմ, արդեն ունենք վերջնական եզրակացությունը, որը տվել է Առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժ պրոֆեսոր Մալայանը, ըստ որի ախտորոշվել է ձախ աչքի տեսողական ներվի սուբատրոֆիա և ձախ աչքի տեսադաշտը նեղացած է 50 աստիճանով»,- նշել է Վարդուհի Էլբակյանը, ընդգծելով, որ դա հետևանք է հուլիսի մեկին ատրճանակի խզակոթով ստացած հարվածի:

Նշենք, որ երեկ Վերաքննիչ դատարանում պաշտպանը պետք է բողոքարկեր Տիգրանին կալանքի տակ պահելու որոշումը, սական դատախազը և վարույթ իրականացնող մարմինը չէին ներկայացել և դատը հետաձգվել է մինչև երկուշաբթի:

Ինչպես այսօր լրագրողներին պատվեց Վարդուհի Էլբակյանը, հինգշաբթի օրը ինքը հանդիպել է Տիգրանին և նկատել, որ նա շատ գունատ է և ակնհայտ երեւում է, որ նրա աչքը վնասված է: Պաշտպանի խոսքով՝ մեկուսարանային պայմանները Տիգրան Առաքելյանի առողջական վիճակը կարող են տանել անգամ կուրացման և նրան անհապաղ պետք տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց: