Թուրքիան պաշտոնապես հաստատեց դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման օրը: Մասնավորապես, ինչպես հաղորդում է AFP գործակալությունը, այդ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե փաստաթղթերը ստորագրվելու են երկու երկրների արտգործնախարարներ Ահմեդ Դավութօղլուի եւ Էդվարդ Նալբանդյանի կողմից, հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում, այնուհետ կուղարկվեն վավերացման երկու երկրների խորհրդարաններ:
Ինչպես արդեն հաղորդել էր NEWS.am-ը, ավելի վաղ այդ մասին հայտարարել էր թուրքական աղբյուրը՝ գաղտնիության պայմանով:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարող է այցելել Թուրքիա հոկտեմբերի 14-ին: Այդ օրը Բուրսա քաղաքում կայանալու է աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստանի եւ Թուրքիայի հավաքականների միջեւ ֆուտբոլային հանդիպումը:




























