Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ջերմ եւ անմիջական հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր: Է. Նալբանդյանը Սերգեյ Լավրովին տեղեկացրել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերի մանրամասներին:
Հիշեցնենք, որ Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանի շրջանակներում հանդիպել են նաեւ Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ահմդեդ Դավութօղլուն:
Ինչպես տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ տպագրության դեպարտամենտը, կողմերը քննարկել են Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ քաղաքական երկխոսության զարգացման հարցերը եւ երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման պայմանավորվածությունների իրականացումը: Նրանք կարծիքներ են փոխանակել նաեւ մի շարք հրատապ միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ, այդ թվում հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանն ուղղված նկատվող քայլերի, Իրանի միջուկային ծրագրի եւ այլնի վերաբերյալ: Առանձին քննարկվել է կիպրական խնդիրը:




























