Վերաքննիչ քրեական դատարանում սեպտեմբերի 28-ին կրկին հետաձգվել է Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի պաշտպանի բողոքի քննությունը:
Հիշեցնենք, որ Առաքելյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը բողոքով դիմել էր Վերաքննիչ՝ բեկանելու առաջին ատյանի դատարանի վճիռը եւ փոփոխելու կամ գրավով փոխարինելու Առաքելյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը: Տիգրան Առաքելյանը ներկայումս գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում եւ լուրջ առողջական խնդիրներ ունի՝ մասնավորապես տեսողության հետ կապված: Նրա մոտ ախտորոշվել է ձախ աչքի տեսողական նյարդի սուբատրոֆիա:
Առաքելյանին ձերբակալել են հուլիսի 5-ին՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով: Հուլիսի 1-ին Աբովյան փողոցում ոստիկանները հարձակվել եւ ծեծի էին ենթարկել ՀԱԿ հանրահավաքի մասին իրազեկող երիտասարդներին, ինչից հետո Տիգրանն ու եւս երկու հոգի տեղափոխվել էին վերակենդանացման բաժանմունք: Այնուհետ քր.գործ էր հարուցվել Տիգրան Առաքելյանի դեմ:
Վերաքննիչում սեպտեմբերի 25-ի նիստը հետաձգվել էր դատախազի եւ քննիչի չներկայանալու պատճառով, իսկ այսօր հետաձգվել է, քանի որ դատավորը մեկ այլ գործով գնացել էր խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու:
Դատական հաջորդ նիստը նշանակվել է վաղը՝ ժամը 16.00-ին:




























