Երեւանում մարտի 29-ին Փոխըմբռնման հուշագիր կստորագրվի Հայաստանի ԱԻՆ եւ Շվեդիայի արտակարգ իրավիճակների քաղաքացիական պլանավորման գործակալության միջեւ:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուշագրի ստորագրումը տեղի կունենա ԱԻՆ ղեկավարի աշխատասենյակում:
Նշենք, որ 2006-2009 թթ. ՀՀ ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայությունը համագործակցել է Շվեդիայի արտակարգ իրավիճակների քաղաքացիական պլանավորման գործակալության եւ Էստոնիայի փրկարար ծառայության հետ` «Հայաստանում քաղաքացիական պաշտպանության հնարավորությունների զարգացում» հայ-շվեդ-էստոնական եռակողմ ծրագրի շրջանակներում, որի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 900 հազար ԱՄՆ դոլար:
Ծրագրի շրջանակներում աշխատանքներ են իրականացվել արձագանքման համակարգերի, իրավասու անձանց ու կազմակերպությունների միջեւ կանխարգելման ոլորտում համագործակցության, հասարակության իրազեկվածության, հաղորդակցության ցանցերի, հրշեջ-փրկարարական կազմավորումների ուսուցման ուղղությամբ: Հայաստանի փրկարար ծառայությանը տրամադրվել է «Վոլվո» մակնիշի հրշեջ-փրկարարական մեքենա, փրկարարական գույք եւ հանդերձանք:
Շվեդ եւ էստոնացի փորձագետները դասընթացներ են կազմակերպել հայ հրշեջ-փրկարարների համար:





























