Կյանքի 72-րդ տարում մահացել է սամբոյի Ուկրաինայի վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, միջազգային կարգի մրցավար, Ուկրաինայի սամբոյի հավաքականի ավագ մարզիչ Ռոբերտ Բաբայանցը:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լեւոն Հայրապետյանից, Ռոբերտ Բաբայանցը բարեկամական ջերմ կապեր ուներ թե Հայաստանում եւ թե Արցախում: Ամենուր նրա անունը հարգանքով ու հպարտությամբ էր հնչում մարզաշխարհում: Ընդ որում, այդ հարգանքը նա վայելում էր ոչ միայն Խորհրդային Միությունում, այլեւ նրա սահմաններից դուրս: Անվանի մարդն ու քաղաքացին եւ մարզիչը անչափ հարգված ու սիրված էր հարազատների, գործընկեր-բարեկամների, ծանոթների շրջանում: Այդ է, անշուտ, պատճառը, որ բոլորը խորապես վշտացած են Ռոբերտ Բաբայանցի անժամանակ մահով եւ ի խորոց սրտի ցավակցում են նրա բոլոր հարազատներին, գործընկերներին, Ուկրաինայի սամբոյի ֆեդերացիային: