Այն բանից հետո, երբ Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) Ամերիկայի շրջանի վարչական մարմնի ատենապետ Համբիկ Սառաֆյանը հայտարարեց, որ իրենց կուսակցությունն ու Սփյուռքը միանշանակ դեմ են հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ուղղությամբ տարվող արտաքին քաղաքականության հետ, լրագրողները հարց տվեցին, թե այդ դեպքում ինչպե՞ս է մեկնաբանում այն, որ ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանը դրական է գնահատել ՀԱԿ հայտարարությունն այս արձանագրությունների վերաբերյալ, որը տարբերվում է ՍԴՀԿ դիրքորոշումից:

Այս առնչությամբ Հ. Սառաֆյանն ասել է. «Հստակ է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ժամանակին այդ հարցերի վերաբերյալ ուներ իր մոտեցումները, և առ այսօր այդ մոտեցումները կան։ Այն, որ ընդհանուր պատկերի մեջ անհրաժեշտ է հարաբերություններ ունենալ, ոչ ոք չի ժխտում. մի քիչ անմտություն կլինի դա և, ինչ-որ առումով էլ, ազգայնական ծայրահեղ ինչ-որ խոսք։ Բացի դա, ՀԱԿ-ի և Հնչակյան կուսակցության հարաբերությունը կամ համագործակությունը չի նշանակում, որ կուսակցությունն իր բոլոր տեսակետներում և մոտեցումներում միանշանակ համաձայնվելու է Հայ ազգային կոնգրեսի հետ, այդպես չէ, և կարգն էլ այդպես չէ։ Այն հարցերում, որոնց մենք համաձայն չենք, կուսակցությունը շատ հստակ իր դիրքորոշումը հայտնում է»։ Սառաֆյանը նաև նշել է, որ իրենց՝ ՀԱԿ-ում ընդգրկվելու նպատակը եղել է եւ կա երկրում ժողովրդավարության հաստատումն ու մնացած ներքին խնդիրների լուծումը: