Թուրքական «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահի թեկնածուն հայտարարել է, որ կուսակցության ղեկավար ընտրվելու դեպքում կդատի կուսակցության ներկայիս առաջնորդ Դեւլեթ Բահչելիին։ Այս մասին հայտնում է թուրքական Vatan թերթը։

Թուրքիայում ընդդիմադիր «Ազգայանական շարժում» (MHP) կուսակցության ղեկավարի թեկնածու Ահմեդ Ռեյիզ Յըլմազը ասել է, որ կուսակցության առաջնորդ ընտրվելու դեպքում մահապատժի կենթարկի Իմրալի կղզում ցմահ բանտարկված քրդերի առաջնորդ Աբդուլահ Օջալանին եւ դատի կտա կուսակցության ներկայիս նախագահ Դեւլեթ Բահչելիին։ Ռեյիզ Յըլմազը մեղադրում է Բահչելիին նաեւ քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությանը 12 տարի աջակցելու եւ թուրք ազգայնականությունը ներսից քաղցկեղի պես ոչնչացնելու մեջ։

NEWS.am-ը հիշեցնում է, որ «Ազգայնական շարժում» կուսակցությունը խիստ դեմ է հանդես գալիս քրդական հարցի կարգավորմանը՝ քրդական «Ժողովրդավարական հասարակությունը» համեմատելով PKK-ի հետ։ Այս կուսակցությունը խիստ դեմ հանդես եկավ նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված արձանագրություններին եւ հրաժարվեց հանդիպել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ՝ քննարկելու այդ արձանագրությունները։