Ահազանգ է ստացվել, որ մարտի 30-ին ժամը 18:40-ին Երեւան քաղաքի Ն.Տիգրանյան փողոցի 14-րդ շենքի թիվ 72 բնակարանում տարեց կինը լողանալու ժամանակ սայթաքել, ընկել է լողախցիկի մեջ եւ գտնվում է անօգնական վիճակում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Փրկարարների կողմից լողախցիկից դուրս է բերվել 83-ամյա Վարդենիկ Մարտիրոսյանը:

Մինչ շտապօգնության աշխատակիցների ժամանումը պարամեդիկ–փրկարարների կողմից նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն` հոսպիտալացման կարիք չի զգացվել: