Այսօր զբոսաշրջության համաշխարհայի օրն է։ Այդ առթիվ ՀՀ վարչապետը մրցանակներ հանձնեց զբոսաշրջության ոլորտի մի շարք ներկայացուցիչների։ Զբոսաշրջության համաշխարհային օրը Հայաստանում նշվում է առաջին անգամ, սակայն այսուհետ ամեն տարի այն կնշվի։ Ոլորտի ներկայացուցիչները պարգեւատրվեցին վարչապետի եւ Էկոնոմիկայի նախարարության կողմից սահմանված շնորհակալագրերով եւ ոսկե մեդալներով։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր խոսքում ասաց, որ ինչպես մեր տնտեսության այլ ճյուղերում, զբոսաշրջության ոլորտում եւս անհրաժեշտ է դիվերսիֆիկացիա։ «Խիստ կարեւոր է մասնավորի եւ պետության համագործակցությունը»,- ասաց նա եւ հավելեց, որ անհրաժեշտ է ավելացնել ԼՂՀ այցելող զբոսաշրջիկների քանակը։ Կառավարության ղեկավարն ասաց, որ պետությունը օժանդակելու է տուրօպերատորներին էժան զբոսաշրջային փաթեթներ ձեւավորելու համար, ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի տարածքում։ Ձեւավորված առաջին փաթեթը Երեւան-Գառնին է, որը, ինչպես նշեց վարչապետը, դեռեւս չի համապատասխանում միջազգային չափորոշիչներին։ Հետագայում նախատեսում են նման փաթեթներ դեպի Զանգեզուր, Գյումրի։
Թեեւ Էկոնոմիկայի նախարարությունը հավաստիացնում է, որ այս տնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստան այցելող զբոսաշրջիկների քանակն ավելացել է, սակայն վարչապետը նկատեց, որ այդ այցելողների մեծամասնությունը կազմում են Հայաստան այցելող սփյուքահայեր, իսկ դա դասական իմաստով զբոսաշրջություն համարել չի կարելի։




























