«Մենք զինաթափումն ու սպառազինությունների չտարածումը համաշխարհային ու տարածաշրջանային անվտանգության համակարգերի կարեւորագույն տարր ենք համարում: Մենք պետք է պատասխանատվություն ստանձնենք ու աշխատենք ոչ միայն սպառազինությունների չտարածման ու միջուկային զենքի վերացման ուղղությամբ, այլեւ որոշ պետությունների ռազմական նկրտումների դեմ: Բացարձակապես անընդունելի է, երբ հակամարտությունները ռազմական ճանապարհով լուծելու սպառնալիքներ են հնչում ամենաբարձր մակարդակով, եւ դրանք արժանի պատասխան չեն ստանում միջազգային հանրության կողմից»: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում:
Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի գործընթացը, որի վերաբերյալ բանակցում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, առաջ է ընթանում:
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներն ու արտաքին գործերի նախարարները կանոնավոր կերպով հանդիպում են քննարկելու հակամարտության համապարփակ կարգավորման սկզբունքները: «Հայաստանը համոզված է, որ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործում առաջընթացի հնարավորություն ստեղծելու համար կողմերը պետք է պարտավորվեն զերծ մնալ քայլերից, որոնք կարող են խաթարել երկխոսությունը կամ խոչընդոտել խաղաղ գործընթացը»,- հայտարարել է նախարար Նալբանդյանը:
Նա ընդգծեց, որ միջազգային ասպարեզում Ադրբեջանը, ինչպես երկու օր առաջ այս ատյանում, շարունակաբար խեղաթյուրված է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի խնդրի էությունը` փորձելով կոծկել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանդեպ իրականացված էթնիկ զտումներն ու վարած բռնության քաղաքականությունը: Միջազգային հանրությունը հիշում է ԼՂ դեմ Ադրբեջանի ծավալած բացահայտ ագրեսիան, լայնածավալ ռազմական գործողություններն ու պատերազմը` նաեւ ահաբեկչական կազմակերպությունների հետ սերտ կապեր ունեցող վարձկանների օգնությամբ, նշեց Հայաստանի ԱԳՆ ղեկավարը:
«Մենք հավատացած ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար լուրջ հիմքեր կան, եթե կիրառվեն Հայաստանի, Ադրբեջանի ու ՌԴ նախագահների միջեւ 2008թ. նոյեմբերի 2-ին Մոսկվայում ստորագրված հռչակագրի, 2008թ. դեկտմբերի 4-ին Հելսինկիում ՄԽ համանախագահների արված հայտարարության ու 2008թ. դեկտեմբերի 5-ին ԵԱՀԿ բոլոր 56 անդամ պետությունների կողմից Հելսինկիում ընդունված հայտարարության սկզբունքները: Ըստ այս փաստաթղթերի, կողմերը պետք է պարտավորություն ստանձնեն բանակցությունների միջոցով հասնելու խնդրի խաղաղ կարգավորմանը` ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ներկայացրած „Մադրիդյան սկզբունքների“ հիման վրա»,- նկատեց նա:
«Հիմնարար սկզբունքները, որոնց շուրջ բանակցություններն ընթանում են ներկայում, խարսխված են միջազգային իրավունքի հիմնասյուների վրա, որոնք ամրագրված են այս կազմակերպության կանոնադրության, Հելսինկիի եզրափակիչ ակտի մեջ ու այլ միջազգային փաստաթղթերում: Ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների ինքնորոշման ու տարածքային ամբողջականության միջազգային սկզբունքները հավասարապես կիրառելի են: Ոմանք երկար ժամանակ փորձում էին ժողովուրդների ինքնորոշման գաղափարի կարեւորությունը նսեմացնել որպես միջազգային իրավունքի համակարգում երկրորդական սկզբունքի, որը պակաս կարեւոր է, քան „տարածքային ամբողջականության“ սկզբունքը: Ես ստիպված եմ հիասթափեցնել երկակի չափանիշներ քարոզողներին. ինքնորոշումը միջազգային իրավունքի անվերապահ դրույթ է, այն ազատության մասին է, ցանկացած ժողովրդի ազատությունն է` իր ապագան ու ճակատագիրը որոշելու, հավաքական իրավունքները պաշտպանելու, երբ այդ իրավուքներն ու ապագան վտանգված են: Եթե ինքնորոշման իրավունքը ստորադասվեր տարածքային ամբողջականությանը, ՄԱԿ-ում միայն 52 անդամ պետություն կլիներ, այսօրվա 192-ի փոխարեն»,- ամփոփեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:




























