Ղարաբաղյան հակամարտության կարգավորման «Մադրիդյան սկզբունքների» նորացված տարբերակը պատրաստ է, բայց կողմերին դեռ չի ներկայացվելու: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը:

Մերզլյակովը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների այն տեղեկատվությունը, թե «Մադրիդյան սկզբունքների» նորացված տարբերակը ներկայացվելու է համանախագահների՝ տարածաշրջան կատարելիք այցի ընթացքում:

""Մադրիդյան սկզբունքների" նորացված տարբերակը կներկայացվի, երբ մենք կորոշենք դա անել",- հայտնել է Մերզլյակովը եւ հավելել, թե համանախագահները տարածաշրջան կայցելեն այս շաբաթվա ընթացքում: «Այցի կոնկրետ ժամկետն արդեն հստակ է, սակայն պարտադիր չէ, որ դուք այն իմանաք»,- ընդգծեց համանախագահը: Նա նաեւ հրաժարվեց նշել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Քիշնեւում կայանալիք հանդիպման կոնկրետ օրը՝ խորհուրդ տալով այդ հարցով դիմել Հայաստանի նախագահի աշխատակազմ:

Նշենք, սակայն, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը այսօր հայտարարել է, թե համանախագահների այցը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին: