Հայաստանում հաջորդ տարի բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության ոլորտում ծրագրերի իրականացման համար ծախսերը ծրագրվում է մեծացնել ավելի քան 263 մլն դրամով: Այս մասին հոկտեմբերի 31-ին ԱԺ-ում 2020-ի պետբյուջեի նախնական քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ 2020-ի պետբյուջեի նախագիծը ենթադրում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից իրականացվող 21 ծրագրերի եւ 176 միջոցառումների ֆինանսավորում: Գերատեսչությանը ծրագրվում է տրամադրել 179 մլրդ 459 մլն դրամ՝ 2019-ին տրամադրված 158 մլրդ 886 մլն դրամի փոխարեն: «Այդ մասով պետբյուջեի ծախսերն ավելացել են 20 մլրդ 572 մլն դրամով, ինչը կազմում է 12,9%-ը»,- նկատեց նախարարը: