Եթե նախկին իշխանությունները կոռումպացված էին, ժողովուրդն ավելի լավ էր ապրում, այս իշխանությունները կոռումպացված չեն, ժողովուրդն ինչու է ավելի վատ ապրում ո՞վ կարող է այս հարցի պատասխանը տալ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
«Տնտեսական հեղափոխությունը մնաց օդում կախված, ոչ մի ներդրող այս մթնոլորտի պայմաններում, երբ շարունակում են մարդկանց ազատազրկել, դատավորներին սպառնալ, ներդրում չի անելու»,-ասաց նա:
Պատգամավորն անդրադարձավ նաեւ ՍԴ-ի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի նախագահի դիրքորոշմանը՝ նշելով. «Վենետիկի հանձնաժողովը նույնպես ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող զարգացումներում քաղաքական ենթատեքստ է տեսնում եւ դա երեւաց հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հարցազրույցից: Եթե նա խոսում է ճնշումների մասին, սրանով իրավականից գալիս ենք քաղաքական դաշտ:
ՍԴ-ում միայն մեկ ճգնաժամ կա, որի անունը Վահե Գրիգորյան է, որը բացարձակապես չի մասնակցում ՍԴ աշխատանքներին, բայց ծառերի տակ ինքնագոհ հարցազրույց է տալիս ու ասում, որ այդպիսի մարմին չկա: Եթե ՍԴ գոյություն չունի, չգործող կառույցի նախագա՞հ ես ուզում դառնալ»:
Նա նշեց, որ Վահե Գրիգորյանին հետ կանչելու մտադրություն ինքն անձամբ ունի. «Չի բացառվում, որ մենք այդ նախաձեռնությամբ հանդես գանք: Այս երկրում ոչ մի անբան մարդ պաշտոնի չլինի, լինելու դեպքում՝ էլ աշխատավարձ չստանա»:



























