Ռուսաստանի հետ մեր ռազմավարական գործընկերությունը պետք է շարունակվի եւ զարգանա փոխշահավետ տարբերակով, այդ թվում մեզ համար շահավետ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 2-ին, «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր համագումարում նշեց կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Ավետիք Չալաբյանը:
«Որովհետեւ անցյալում այս գործընկերությունը միշտ չէ, որ եղել է փոխշահավետ: Եղել են փոխադարձ դժգոհություններ, եղել են այնպիսի պահեր, երբ կամ Ռուսաստանը կամ մենք համարել ենք, որ մյուս կողմը իրեն որպես գործընկեր չի դրսեւորում: Սա ինչ-որ իմաստով նաեւ արտացոլումն է երկու երկրների քաշային տարբերությունների: Որքանով մեծանա մեր կշիռը, այդքանով մենք ավելի մեծ հնարավորություն կունենանք արդյունավետ քաղաքականություն իրականացնել»,-ասաց Չալաբյանը:
Նա նաեւ ընդգծեց, որ Հայաստանը պետք է փոխշահավետ հարաբերություններ զարգացնի նաեւ այլ ուժային կենտրոնների՝ ԱՄՆ-ի, ԵՄ-ի, նաեւ Իրանի, Հնդկաստանի հետ:
Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, Չալաբյանն ասաց, որ պետք է մենք կարողանանք հասնել խելամիտ, էական փոխհատուցման ցեղասպանության եւ հայրենազրկման դիմաց, որը պետք է ընդունվի ամբողջ հայ ժողովրդի կողմից. «Դա պետք է լինի շոշափելի, մենք պետք է հասկանանք, որ այդ փոխհատուցումը հնարավորություն է բացում խաղաղ գոյակցության համար: Քանի դեռ այդ փոխհատուցումը տեղի չի ունեցել, մենք չպետք է գնանք որեւէ միակողմանի զիջումների: Նախկին իշխանությունների մոտեցումը, որ կարելի է գնալ հայ-թուրքական համագործակցության առանց նախապայմանների, մենք չենք ընդունում: Մեզ համար այդ նախապայմանը գոյություն ունի, դա փոխհատուցումն է, որը մեր ժողովուրդը կընդունի»:





























