Տոսկանայի գինեգործները գիտնականների եւ պատմաբանների հետ համատեղ կարողացել են ստանալ գինի, որի ստացման տեխնոլոգիան ունի մոտ երկուսուկես հազարամյակի պատմություն։ Դրա համար, ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, խաղողը պետք է պահել ծովի ջրում, այնուհետեւ չորացնել արեւի տակ ու նոր միայն լցնել կավե հատուկ ամանների մեջ, որտեղ այն կվերածվի գինու։
Հետազոտողները պարզել են, որ հենց այդ եղանակով են Հին Հունաստանում գինի արտադրել։ Ծովի ջրի մեջ թաթախելն ունեցել է խաղողի գիլաների վրայի փառը աղաջրով լվանալու նպատակ։ Դրանից բացի, գինին այդպիսով նոր համ է ստացել, իսկ մեղրի կամ չամիչի ավելացման դեպքում հնարավոր է դարձել նրա տեղափոխումը մեծ տարածություններ։
Հին հունական եղանակով գինու ստացման փորձը սկսվել է մի տարուց քիչ ավել առաջ՝ 2018-ի սեպտեմբերին։ Այն ժամանակ ծովի մեջ մոտ 7 մետր խորությամբ տեղադրել են 200 կգ խաղող, որն այնտեղ մնացել է 5 օր։ Դրանից հետո խաղողը կախել են չորանալու։ Ըստ մասնագետների, խաղողի գիլաների վրայի մոմանման թաղանթի լուծումը նպաստում է խաղողի ավելի արագ գինու վերածվելուն, իսկ դա իր հերթին թույլ է տալիս ավելի շատ բուրմունքներ պահպանել։ Դրանից բացի, պարզվել է, որ այս եղանակով մի փոքր ավելանում է գինու թնդությունը։ Գիտնականները նաեւ նշում են, որ խաղողի մեջ ներթափանցած աղը հանդիսանում է բնական կոնսերվանտ, ինչը թույլ է տալիս ավելի լավ ու ավելի երկար պահպանել գինին։
Ամենակարեւոր պահը, ինչպես նետո նշել են գիտնականները, եղել է ծովի ջրում խաղողի մնալու ժամկետի որոշումը։ Հենց դրանից է կախված պտղում տարբեր նյութերի հավասարակշռությունը։
Նոր տեխնոլոգիան, ինչպես նշել են գինեգործներն, առայժմ կիրառվում է զուտ որպես փորձ եւ հին հունական գինու արդյունաբերական արտադրության մասին խոսելը դեռ վաղ է։




























