Մենք առաջարկում ենք, որպեսզի Սեւանա լճից ջրառի վերին շեմը կազմի տարեկան 170 մլն խորանարդ մետր, այն էլ՝ միայն ծանր երաշտի դեպքում։ Այս մասին խորհրդարանի Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնության պահպանության մշտական հանձնաժողովի նիստում, «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան եւ համալիր ծրագրերի հաստատման մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու օրինագծի քննարկման ընթացքում, նոյեմբերի 27-ին ասաց կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վարազդատ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ հավելյալ ջրառի դեպքում կառավարությունը կկարողանա հարցը ներկայացնել Ազգային ժողովի դիտարկմանը։ Կարապետյանը նաեւ նշեց, որ Սեւանա լիճը չի կարելի դիտարկել որպես «ջրամբար», որի շնորհիվ չնախատեսված իրավիճակների առաջացման դեպքում կարելի է իրականացնել լրացուցիչ ջրառ՝ ավելացնելով, որ նորմալ ջրառը, որպես կանոն, կազմում է 50-60 մլն խորանարդ մետր։

Պատգամավորը տեղեկացրեց, որ մինչեւ 2030 թվականը Սեւանա լճի մակարդակը պետք է հասնի 1903,5 մետրի, եւ դրա համար այն պետք է բարձրանա տարեկան 30 սանտիմետրով։ «Այս պահանջի տրամաբանությունն այն է, որ ջուրը Սեւանում պետք է հասնի որոշակի մակարդակի, որպեսզի լիճը կարողանա ինքնամաքրվել»,- պարզաբանել է խորհրդարանականը։

Բավական երկար քննարկումներից հետո օրինագիծն ստացավ մշտական խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը։