«Աղայան գրուպ» արտադրական կոոպերատիվի սեփականատեր Տ. Աղայանը համաձայն չէ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության հետ, որտեղ նշվում է, որ կոոպերատիվը շարունակել է գործունեությունն, թեեւ նրա շշալացման լիցենզիայի ժամկետը լրացել էր դեռեւս 2009-ի սեպտեմբերին եւ նաեւ հայտնաբերվել են կեղծ եւ ժամկետանց դրոշմանիշերով օղիներ:
Այս առնչությամբ կոոպերատիվի ղեկավարը NEWS.am-ին է ներկայացրել հետեւյալ հերքում-նամակը (ներկայացնում ենք կրճատումներով):
«Աղայան գրուպ»-ը 10 տարուց ավել զբաղվել է օղու արտադրությամբ եւ մանրածախ առեւտրով: 2009թ. դեկտեմբերի կեսից հանձնել եմ շշալցման լիցենզիաներից մեկը եւ 01.01.10թ-ի դրությամբ արտադրամաս-պահեստում ունեինք մոտ 4400շիշ տարբեր տարողության դրոշմավորված օղիներ եւ մոտ 800 լիտր կուպաժային օղի, հիմնականում ֆիլտրերի մեջ: Այս մասին հարկային մարմինները վաղուց գիտեն եւ մի քանի անգամ ստուգել են, բայց ոչ մենք, ոչ իրենք ճշգրիտ չենք հաշվել, քանի որ այլ արտադրողներից օրինական ստացած օղիները , որի առքուվաճառքով 2010թ.-ից զբաղվում եմ, գտնվում են նույն արտադրամաս-պահեստում եւ շատ դեպքերում իրար վրա են շարված:
ՊԵԿ-ի կողմից ոչ մի բացահայտում էլ չի եղել, ես եմ մարտի 10-ին դիմել Շենգավիթի հարկային մարմին, որ գան, նայեն եւ մեր մնացորդի իրացման համար տան հատուկ հաշիվ-ապրանքագրեր եւ կուպաժային օղու վերաբերյալ ասեն ինչ անեմ: Մարտի 12-ին տեսուչները եւ «օպեր»-ները այդ նպատակի հանձնարարագրով եկան արտադրամաս-պահեստ: Նրանք այդ սովորական գործը դարձրին մի մեծ պատմություն եւ մինչեւ կեսգիշեր մնացին արտադրամաս-պահեստում: Սկզբում 6 հոգի էին, հետո դարձան 12 , հետո 20, ստուգեցին պահեստներում եւ մեքենայի մեջ եղած ամբողջ օղու ակցիզային դրոշմանիշերը, մեր մնացորդը եւ նոր ձեռք բերածը` թվով մոտ 8.000 շիշ, եւ երբ զգացին, որ լուրջ բան չկա, փորձեցին կեղծ ապացույցներ ստեղծել: Հայտնվեց ինչ որ այգու լուսանկարիչ, 2-3 տարբեր լուսատեսանկարչական խցիկներ ուսին գցած, եւ սկսեցին իրենց ծրագրի իրագործումը. դրսերից գտան շատ թանկարժեք օղիների դատարկ,կեղտոտ շշեր, ԱԲՍՕԼՅՈՒՏ, ՅՈՒՐԻ ԴՈԼԳՈՐՈՒԿԻ, ԲԵԼՈՒԳԱ, իրենց ձեռքով լվացին, մաքրեցին եւ բերեցին դրեցին արտադրամասի սեղանին, սկսեցին «ռեպորտաժը»: Իմ կողմից եղավ հանդիմանություն, նույնիսկ հրմշտոց, ասացի, որ իրենք ապօրինի գործողություններ եւ կեղծիք են կատարում, բայց նրանք չազդվեցին եւ նույնիսկ կանչեցին իրենց արագ արձագանքման խմբին, որի ղեկավարը բարեբախտաբար իրավունքից, օրենքներից տեղյակ էր եւ չխրախուսեց նրանց սցենարը: Վերջում եկավ նաեւ Շենգավիթի ՀՏ պետը, որն ի դեպ բավական բարեկիրթ անձնավորություն էր, իմ տպավորությամբ համոզվեց, որ մեր հետ կապված լուրջ բան չկա: Հետո օղիների բանավոր գույքագրում պարտադրեցին: Մեր արդեն հոգնած աշխատակիցը մոտավոր թվեր բերեց, ստորագրեցինք եւ կեսգիշերին մոտ ի վերջո գնացին : Հաջորդ օրերին հարկային տեսչությունում փորձեցին համոզել, վախեցնել, որ հանձնարարագիրը փոխվի 28 հոդվածի եւ տուգանվեմ մոտ 700ից-800.000 դրամ: Ես չհամաձայնեցի, քանի որ մեկ տարի է գրեթե փող չեմ աշխատում:
Կեղծ կամ ոչ պատշաճ ակցիզային դրոշմանիշերի մասով ասեմ, որ դա «Աղայան գրուպի» հետ ուղղակի կապ չունի: Մեր պահեստում առկա այլ օրինական արտադրողներից օրինական ձեռք բերված օղիների փակ բլոկից «օպեր»-ների կողմից հանած մի քանի հատ ճմռթած թե պատռված դրոշմանիշերով օղիները մեր արտադրանքը չեն: «Օպեր»-ները կանչեցին տվյալ օղու ոչ անհայտ արտադրողին, մի մասը գնաց նրա արտադրամաս, ամեն ինչ շատ արագ պարզեցին, համոզվեցին, որ մենք չենք արտադրողը: Կարող եմ միայն ասել, որ «օպեր»-ների հեռախոսային խոսակցությունից հասկացա, որ այդ օղի արտադրողը իրենց գործընկերոջ մոտիկ բարեկամն էր, իսկ Ձեր կայքում եւ հեռուստատեսությամբ այդպիսի շոու ներկայացնելը իմ կարծիքով մեկ նպատակ էր հետապնդում, որ «բացահայտումը» հնչեղ եւ տպավորիչ լինի, ինչպես նաեւ կոծկեն իսկական արտադրողին:
Ժամկետանց դրոշմանիշերի վերաբերյալ ասեմ, որ արտադրամասի մնացորդի մեջ կա մոտ 135 շիշ 0.375լ տարողության արդեն ժամկետանց ակցիզներով օրինական օղիներ, բայց խախտում է ոչ թե մնացորդում ունենալը, այլ դա իրացնելը, իսկ մենք 2009թ. աշնանից հետո ոչ մի շիշ դրանից չենք վաճառել կամ թեկուզ նվիրել»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՊԵԿ-ը հայտնել էր, որ «Աղայան գրուպում» պետք է լիներ շուրջ 5000 շիշ դրոշմավորված օղի, մինչդեռ ստուգումների պահին, պարզվել է, որ առկա է ընդամենը 1860-ը: Պակաս օղու քանակի վերաբերյալ կոոպերատիվի պաշտոնատար անձանց կողմից, այդպես էլ որեւէ հիմնավոր բացատրություն չի տրվել: Ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՊԵԿ հետաքննչական վարչություն:




























