Երեւանի Տիգրան Մեծի պողոտայում ռետինե բարձակների տեղադրման աշխատանքներն ավարտին են հասցվել, որոնց ամեն գծամետրի համար քաղաքապետարանը շուրջ 11 հազար դրամ է հատկացրել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը։
Նրա խոսքով, ռետինե բարձակներ նախատեսվում է տեղադրել նաեւ Ագաթնագեղոսի եւ մի շարք այլ փողոցներում։ «Պայմանավորված այն հագամանքով, որ Տիգրան Մեծ պողոտայի տրանսպորտային բոլոր կանգառները խիստ ծանրբեռնված են, որոշեցինք գործընթացն սկսել հենց այդ պողոտայից։ Աշխատանքները տեւեցին 15 աշխատանքային օր։ Սակայն արդեն այսօր նման հարմարանքներ սկսել են տեղադրվել նաեւ Ագաթանգեղոս փողոցի երկու կանգառներում»,- պատմեց տրանսպորտի վարչության պետը։
Հարցին, Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացվե՞լ է արդյոք բարձակների արդյունավետությունը ստուգող մոնիթորինգ, Նավասարդյանը պատասխանեց. «Մոնիթորինգ կատարվում է ամեն օր։ Ուղեւորները գոհ են, հասարակական տրանսպորտն առավել ապահով է կանգառում, քանի որ բարձակներով առանձնացված այդ հատվածներում տրանսպորտային այլ միջոցներ չեն կայանում»,- բացատրեց նա։
Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ Երեւանի Տիգրան Մեծի փողոցի կանգառներում ռետինե բարձակներ են հայտնվել: Դրանք տեղադրվել են հասարակական տրանսպորտի երթևեկությունը կարգավորելու համար: Ռետինե բարձակները տեղադրվել են Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության նախաձեռնությամբ, որին հանձնարարական է տրվել բարեփոխել մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի աշխատանքը:




























