Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն ապրիլի 11-ին «Ակադեմիական արմավենի» շքանշանով պարգեւատրել է երեք հայ դասախոսների` Անահիտ Գասպարյանին` Հայաստանի ֆրանսիական համալսարանից, Զավեն Հարությունյանին` Երեւանի Պետական համալսարանից եւ Նաիրա Մանուկյանին` Երեւանի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանից:

Ֆրանսիայի դեսպանատան մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ երեք շքանշանակիրներն էլ աշխատել կամ շարունակում են աշխատել նշված համալսարաններում որպես ֆրանսերենի ամբիոնի վարիչ: Ֆրանսերեն լեզվի եւ ֆրանկոֆոնիայի տարածմանը մատուցած իրենց նշանակալի ծառայության համար Ֆրանսիայի Կրթության նախարարը նրանց արժանացրեց այս պարգեւին:

Նշենք, որ «Ակադեմիական արմավենի» շքանշանը հիմադրվել է Նապոլեոն Առաջինի կողմից, 1808 թվականին` նպատակ ունենալով երախտիքի տուրք մատուցել Համալսարանի անդամներին: «Ակադեմիական արմավենի» շքանշանով պարգեւատրվում են նաեւ այն օտարերկրացիները կամ արտերկրում բնակվող այն ֆրանսիացիները, ովքեր ակտիվորեն մասնակցում են ֆրանսիական մշակույթի տարածմանը ողջ աշխարհում: