«Անալիտիկ Սարքեր» ընկերությունը կանգնած է սնանկացման եզրին, որի լուծարման գործընթացն սկսվել է դեռ տարիներ առաջ: Սնանկացման պատճառն այն է, որ համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ շինարարություն է իրականացվել գործարանում, սակայն հետո չի հաջողվել հետ վերադարձնել 500 հազար դոլարը:

«Հիմա գործերը կուղարկվեն դարատան ընկերությունը սնանկ ճանաչելու համար: Պարտքը խանգարում է, որպեսզի գործարանը սեփականաշնորհվի: Այլ ելք չկա,  պետըք լուծարվի ու վերջ»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է լուծարային հանձնաժողովի ներկայացուցիչ Ժորա Ավետիսյանը:

«Տեխնոքաղաք համարվող Գյումրիում հնարավորություններ ու տարածք ունեցող գործարանը սնանկ ճանաչելն ու քանդելը լավագույն ելքը չէ: Այս մասին գրել ենք տարբեր պետական այրերին, որ տեղում որոշակի շինաշխատանքներ իրականացնելուց հետո կարելի է կառուցել բազային ձեռնարկություն, բայց` անարդյունք»,- ասել է նա: 

«Անալիտիկ սարքեր-1» ընկերությունը, որը մասնավոր հիմունքներով է գործում, ամենայն հավանականությամբ, շուտով եւս կդադարի աշխատել: «Ժամանակին, երբ պատվերները շատ էին, աշխատում էինք ծանրաբեռնված ռեժիմով: Նախկին հսկայից մնացել է այն, ինչ կա հիմա՝ քիչ թվով աշխատակիցներ եւ  պատվիրատուների պակաս: Առայժմ միայն Ռուսաստանն է  աղաչափերի պատվերներ ուղարկում»,-դժգոհել են բանվորները: Իսկ ընկերության  տնօրենը գործարանի ապագան վտանգված է համարում: 

Նշենք, որ Ռուսաստանում որոշել են օգտագործել, այսպես կոչված, 4 սերնդի աղաչափեր՝ ավելի կատարելագործված եւ ժամանակակից, իսկ պատվերներն ուղարկելու են ոչ թե «Անալիտիկ սարքեր» ընկերությանը, այլ Սանկտ- Պետերբուրգի «Ավրորա»   գիտարտադրական միավորում:

«Սա նշանակում է, որ մենք այլեւս այս ոլորտում անելիք չենք  ունենա ընդհանրապես»,-ասել է Ժորա Ավետիսյանը: