Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը Շիրակի մարզում կդիտվի գարնան ամենացուրտ օրը, երբ ջերմաստիճանը կնվազի, բարձադիր վայրերում հասնելով մինչեւ -13 աստիճանի:

Շիրակի մարզի գյուղվարչությունում անհանգստացած են եւ նշում են, որ եթե ջերմաստիճանն անցնի -10-ի սահմանը, մարզի որոշ համայնքներում ցրտահարության դեպքերն անխուսափելի կլինեն:

«Ձյան տեղումներն այնքան բացասական չեն անդրադառնա նորածիլ բույսի վրա, որքան ցածր ջերմաստիճանն ու ուժեղ քամին, որոնցով ուղեկցվել են ձյան տեղումները»,-նշել է Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը: Իսկ Շիրակի մարզի  գյուղապետերը մտահոգված են հատկապես գարու ցանքատարածություններով:

«Ցորենի մշակաբույսերին, ինչպես նաեւ մրգատու ծառերին ցրտահարման վտանգ չի սպառնում: Մեր մարզում ծառերը դեռ չեն բողբոջել, իսկ ցորենի ցանքատարածությունները կտուժեն միայն 30 աստիճան ցրտի դեպքում»,-նշել է Մովսես Մանուկյանը:

Բացի այդ, տեղումներն ու ցածր ջերմաստիճանը 1,5 շաբաթով ուշացրել են գարնանացանի աշխատանքները մարզի որոշ համայնքներում: Շիրակի մարզի Ջրափի համայնքի գյուղապետ Կամո Սարգսյանն անհանգստացած է, թե «ինչքան ձգձգվի գարնանացանը, այդքան  կնվազի գյուղացու սպասելիքները  բերքից եւ գյուղացին պարտք կմնա բանկերին»: