Հինգշաբթի Ստոկհոլմի Էստերմալմ կենտրոնական շրջանում գտնվող Couleur պատկերասրահից գողացել են Սալվադորի Դալիի ավելի քան տասնյակ քանդակներ, հայտնում է SVT-ն:

«Արդեն հիմա երեւում է, որ գողացվել է 10-12 քանդակ, բայց առայժմ դժվար է ասել, թե կոնկրետ քանի,- ասել է պատկերասրահի սեփականատեր Պեդեր Էնստրյոմը: - Ես ընկճված եմ: Այնքան երկար էի պայքարել այս ցուցահանդեսը կազմակերպելու համար»: Նրա խոսքով՝ գողոնի արժեքը գնահատվում է միլիոնավոր կրոն (հարյուր հազարավոր դոլար):

Ոստիկանությունը քննություն է սկսել եւ կարծում է, որ պատկերասրահում եղել է երկու չարագործից ոչ պակաս, որոնք հանցագործության վայրից փախուստի են դիմել մեքենայով: Արտակարգ դեպքի մանրամասներն առայժմ չեն հրապարակվում: «Գողացվել է մի քանի իր, բայց գաղտնիության պատճառով ես չեմ կարող հրապարակել գողոնի արժեքը,- նշել է մայրաքաղաքի ոստիկանության ներկայացուցիչ Տուվե Հեգը: - Մենք պետք է ստուգենք՝ այս վայրում արդյոք խցիկներ կա՞ն, որոնք նկարահանել են տեղի ունեցածը»: