Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության անդամ, ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուն հայ պատգամավորներին ստախոսության մեջ է մեղադրել:

Թուրքական Internethaber-ի փոխանցմամբ`  Մեւլութ Չավուշօղլուն իր հայրենի Անթալիա քաղաքում մասնակցել է իր կուսակցության կողմից կազմակերպված մի միջոցառման, որի ժամանակ անդրադարձել է օրեր առաջ ԵԽԽՎ-ում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթին:

Իր խոսքում Չավուշօղլուն անհիմն է համարել հայկական կողմի ասածները, ըստ որի հայ պատգամավորներին չի հաջողվել հարցեր ուղղել Թուրքիայի վարչապետին: «Երկու օրվա ընթացքում  մեր հայ ընկերներից  երկու հոգի կարողացան հարցեր ուղղել:  Եւ ինչպե՞ս եղավ, որ չեն կարողացել հարց ուղղել: Ինչպես միշտ, մեր հայ ընկերների պնդումները սխալ տեղեկություններ են եւ սխալ մանիպուլյացիա»,-ասել է Չավուշօղլուն:

Նշենք, որ ԵԽԽՎ-ում Թուրքիայի վարչապետին հարցեր տալու համար 3-րդ եւ 6-րդ տեղերում հերթագրված Նաիրա Զոհրաբյանը եւ Զարուհի Փոստանջյանը հայտնվել էին դահլիճ բերված ցուցակի վերջին տեղերում` զրկվելով  Էրդողանին հարցեր տալու հնարավորությունից: Հայկական պատվիրակությունը այս հարցով դիմել էր ԵԽԽՎ քարտուղարություն եւ ստացել պատասխան, որ Չավուշօղլուն է հայ պատգամավորների հերթը հետ գցել:

«Քաղաքական առումով ես դա խայտառակություն եմ համարում: Դա մեկ բան է ապացուցում, որ ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուն ոչ թե ԵԽԽՎ արժեքներ դավանող գործիչ է, այլ` թուրք պաշտոնյա, որն օգտվելով կանոնակարգի դրույթից, ընդամենը ցանկացել է իր երկրի վարչապետ Էրդողանին պաշտպանել հայ պատգամավորների ոչ ցանկալի հարցերից»,- ասել է Զոհրաբյանը` նշելով, որ այդ հարցը պետք է բարձրացվի ԵԽԽՎ կանոնակարգային հանձնաժողովում.